Ծնվել է 1998թ. հուլիսի 30-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Տ.Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցը: 2020թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Վիոլետա Սահակյանի դասարան): 2019թ-ից ընդգրկված է եղել Երևանի օպերային թատրոնի երիտասարդական օպերային ծրագրում: Բազմաթիվ ելույթներ է ունեցել Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես եկել Չեխիայում և Իտալիայում: Համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի և այլոց հետ: 2022թ. Վարշավայում կայացած Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային վոկալ մրցույթում մասնակից 28 երկրի 112 երգիչների մրցապայքարում արժանացել է Գրան Պրիի և «Ամենաերիտասարդ մասնակից» մրցանակին: Իտալիայում կայացած Ֆիորենցա Չեդոլինզի մրցույթում դարձյալ արժանացել է առաջին մրցանակի: Երևանի օպերային թատրոնում հանդես է եկել Զեմֆիրայի դերերգով՝ Ռախմանինովի «Ալեկո» ներկայացման մեջ: Ամստերդամի թագավորական թատրոնում մարմնավորել է Լիույի կերպարը Վերդիի «Տուրանդոտում» (6 ներկայացում), Ռավեննայում՝ Ռիկարդո Մուտտիի ղեկավարությամբ մասնակցել է Վերդիի Ռեքվիեմի կատարմանը, ինչը կրկնվել է նաև Ռումինիայում ու Բոլոնիայում անցկացվող փառատոնային համերգներում: 2022թ. Պլասիդո Դոմինգոյի հետ ելույթ է ունեցել Բուդապեշտի MVM Dome 8000 հանդիսատեսի համար նախատեսված սրահում, մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում Դվորժակի «Ջրահարսը» ներկայացմանը, ապա հանդես է եկել Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի ազգային օպերային թատրոնում անցկացված Օպերալիա մրցույթում արժանացել է առաջին մրցանակին: 2023թ-ից աշխատում է Միլանի «Լա Սկալա» թատրոնում: