Ծնվել է 1983թ. հոկտեմբերի 28-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Վաղարշակ Հարությունյանի դասարանը: Վարպետության դասեր է ստացել հանրահռչակ դաշնակահարներ Պաուլ Բադուրա-Սկոդայի և Բորիս Բերմանի մոտ` Պորտուգալիայի Օբիդոս քաղաքում դաշնակահարների միջազգային փառատոնի շրջանակներում: Որպես մենակատար հանդես է եկել «Նարեկացի», «Տարվա եղանակներ» (Մոսկվա) կամերային և Զապորոժիեյի (Ուկրաինա) սիմֆոնիկ նվագախմբերի հետ, դիրիժորներ Վ.Բուլախովի (Ռուսաստան), Ա.Խաինդրավայի (Վրաստան), Ա.Թալալյանի, Մ.Կոկժաևի ղեկավարությամբ: Հանդիսացել է դիրիժոր և կոմպոզիտոր Յ.Յակուլովի (ԱՄՆ) համար 2 դաշնամուրային կոնցերտի առաջին կատարողը` նվիրված հենց իրեն` դաշնակահարին: Ձայնագրվել է Իրանի «Hermes Records» ստուդիայում: Որպես անսամբլիստ հանդես է եկել այնպիսի անվանի երաժիշտների հետ, ինչպիսիք են` Լ.Չիլինկիրյանը (Մեծ Բրիտանիա), Բ.Լիֆշիցը (Շվեյցարիա), Հ.Մոկացյանը (Գերմանիա), Վ.Լանդոն (ԱՄՆ), Խ.Բաբայանը (Իրան): Պարբերաբար հանդես է եկել ԱՊՀ-ի, Եվրոպայի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրներում և Իրանում: Մասնակցել է հայաստանյան և միջազգային հեղինակավոր երաժշտական փառատոների` «Արվեստների պատկերասրահ», «Վերադարձի», «Թալալյան եղբայրների», Իրանի «Ֆաջր», «Մոսկովյան աշուն» և այլն: Նրա կատարմամբ աշխարհի տարբեր բեմերում առաջին անգամ հնչել և ձայնագրվել են հայ և արտասահմանյան բազմաթիվ կոմպոզիտորների ստեղծագործություններ: 2009թ-ից հանդես է գալիս «Արս Լունգա» դուետում` թավջութակահար Արամ Թալալյանի հետ: Արժանացել է Մոսկվայի կոմպոզիտորների միության ոսկե մեդալի: