Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): Հայտնի է եղել նաև Գամառ Քաթիպա անունով: Եղել է գրող, պատմաբան Գաբրիել Պատկանյանիորդին։ Մկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում, 1843-49թթ սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1850թ. մեկնել է Թիֆլիս։ Առաջին ստեղծագործությունները՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Զարմայր Նահապետի մահը» (պոեմներ), «Առավոտյան երգ շինականաց», «Երեկոյան երգ շինականաց» (բանաստեղծություններ), լույս են տեսել 1850-51թթ «Արարատ» շաբաթաթերթում։ Առաջին պոեմում հայ պետականության վերջին ներկայացուցիչ Լևոն 4-րդի կերպարը նույնացրել է հայրենիք, ազգ, ազգային ինքնագիտակցություն գաղափարների հետ, առաջ քաշել հայրենիքի անկախության, Հայաստանը օտար լծից ազատագրելու խնդիրները։ Երկրորդ պոեմը, որ անտիկ շրջանի պատմությունից վերցված դրվագ է, դարձյալ վերածվում է հայրենիքը գովերգող պատգամի։ Նա հայ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրներից մեկն է։ 1851թ. սովորել է Դորպատի համալսարանում, գրել ուրախության, գինու, վայելքի, ինչպես նաև հեռավոր հայրենիքի փառաբանման տրամադրություններով հագեցած բանաստեղծություններ («Հայոց գինին», «Թիֆլիսի քեֆ»)։ 1851թ. ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ 1852թ. ուսանողներ Գևորգ Քանանյանի և Մնացական Թիմուրյանի հետ հիմնել է «Գամառ-Քաթիպա» ընկերությունը։ Գամառ-Քաթիպայի տետրակները լույս ընծայելու համար 1854թ. տեղափոխվել է Պետերբուրգ, ընդունվել տեղի համալսարանի արևելագիտական ֆակուլտետի հայ-վիրա-թաթարական բաժին, որն ավարտել է 1860թ.` թեկնածուի գիտական աստիճանով։ 1855թ. լույս է տեսել Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես, ինչպես որ խոսում են, խոսե այնպես, ինչպես որ գրում են» բնաբանով։ Գրողը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի, կենսունակ արտահայտություն։ Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել«Արաքսի արտասուքը» (1856թ.), «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» (1856թ.) ստեղծագործություններում։ 1857թ. դարձել է Մ.Բուդաղյանի ստեղծած «Երիտասարդ Հայաստան» խմբակցության անդամ, որի նպատակն էր Հայաստանի ազատագրումը դարավոր լծից։ 1857-62թթ գրել է «Պատմություն Մեծին Պետրոսի...», «Նապոլեոն Բոնապարտ», «Մարտին Լյութեր» (անտիպ) աշխատությունները, որոնց օրինակով կամեցել է ոգեշնչել հայ ժողովրդին, «Դև Մրուս», «Քյոռ Օղլու» պոեմները, որտեղ մարմնավորել է անկախության համար պայքարող հայ մարտիկներին։ 1863-64թթ հրատարակել է «Հյուսիս» շաբաթաթերթը, որի էջերում նկարագրել է Զեյթունի հերոսամարտի դրվագները։ 1866թ. մեկնել է Նոր Նախիջևան, որտեղ, ուսումնակրթական աշխատանքներին զուգընթաց, սաեղծագործել է, արտահայտել ազատաբաղձ գաղափարներ, որոնք արտացոլվել են Նոր Նախիջևանի բարբառով գրած «Չախու», «Պաց ազպար», «Տիրացինս» (1875թ.), «Կիւլզատե» պատմվածքներում և «Նոր Նախիջևանի քնար» (1878թ.) ժողովածուում։ 1875թ. թուրքական բռնապետության դեմ Հերցեգովինայում և Բոսնիայում բռնկած սլավոնների ապստամբության լուրը ստեղծագործական նոր լիցք է հաղորդել գրողին, և նա գրել է «Ազատ երգեր» բանաստեղծությունների շարքը։ Բեռլինի կոնգրեսից (1878թ.) հետո տիրող ծանր հիասթափության տարիներին շարունակել է ստեղծագործել նույն ոգով։ 1880-ական թվականերին ստեղծել է «Փառասեր», «Ես նշանած էի», «Տիկին և Նաժիշտ» վիպակները, որոնցից առաջինում ներկայացրել է օտարամոլ, միայն անձնական բարօրության մասին մտածող հային, իսկ երկրորդում գովերգել է ասպետական գծերով օժտված, ազնիվ անձնազոհ հերոսին։ 1880թ. նրա ջանքերով Նոր Նախիջևանում հիմնադրվել է արհեստագործական դպրոց, որը հնարավորություն է ընձեռել չքավոր երեխաներին, տարրական գիտելիքներին զուգընթաց, տիրապետելու արհեստների, ստանալու անվճար սնունդ ու հագուստ։ Մինչև իր կյանքի վերջը եղել է այդ դպրոցի տեսուչը։ Այդ տարիներին գրել է մի շարք դասագրքեր («Մայրենի բարբառ», «Այբբենարան հնչական ոճով», «Հայոց պատմություն»), «Մեր տեղի ծակլաբունները» պատմվածքը, որտեղ երգիծել է Բեռլինի կոնգրեսի մասնակից մեծ տերություններին, խարազանել անձնական շահը հայրենիքի ազատությունից գերադասող անձանց։ 1880-ական թթ կեսերին Հայաստանում տեղի ունեցող ընդվզումները առիթ են դարձել ստեղծելու «Զոհեր», «Տաճկահայերի օրհասը», «Երդում», «Փեսաներ» բանաստեղծությունները, որոնցում հեղինակը համայն հայությանը կոչ է արել զորավիգ կանգնել հայրենիքի փրկության գործին։ Նոր Նախիջևանի բարբառով գրել է նաև երգիծական պատմվածքներ, որոնցում ներկայացրել է բուրժուական հարաբերությունների զարգացման հետևանքով փլուզվող հայ համայնքի պատկերը («Օձի խածածը», «Շատերեն մեկը», «Խոռթլախը», «Նոր տուն ու հին տուն», «Փորսուխին Ավագը», «Խապաաթը վորի՛նն է» և այլն): Մահացել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով):