Ծնվել է ՀՀ Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) քաղաքում։ Եղել է արձակագիր Վալտեր Արամյանի եղբայրը: 1937-41թթ սովորել է Երևաևի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1941-43թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Զորացրվելուց հետո աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1954թ. լույս է տեսել նրա «Ռուբինյան եղբայրները» վեպը, ուր պատկերված է սփյուռքահայության ներգաղթը հայրենիք։ Գրել է նաև կարճ պատմվածքներ։ Հեղինակել է «Չթամբած ձիեր» (1963թ.) ժողովածուն։ Քնարական շնչով են տոգորված «Ո՜վ զարմանալի» (1969թ., Կոմիտասի մասին) և «Մեռած քաղաքի պարիսպների տակ» (1970թ.) ժողովածուները։ 1950թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն և ռումիներեն: 1980թ. հրատարակվել է գրողի «Արևոտ անձրև» (պատմվածքներ, ակնարկներ) գիրքը: Ռուսերենից թարգմանել է Ֆումիկո Խայասիի «Վեց պատմվածք» (1963թ.), Դոմենիկո Ռեայի «Սենյորան իջնում է Պոմպեյուն» (1964թ.), Ուիլյամ Ֆոլկների «Լրիվ շրջադարձ» (1964թ.) և այլ գրողների երկեր: Մահացել է Երևանում: