Ծնվել է Հայաստանի Շիրակամոտ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում։ Եղել է Հայկական հեռուստատեսության «Երևան» ստուդիայի սցենարական կոլեգիայի անդամ և դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիրը։ Նրա ջանքերով միութենական էկրան են բարձրացել վավերագրական ֆիլմեր՝ նվիրված հայ գրողներին (Համո Սահյան, Վահագն Դավթյան, Սիլվա Կապուտիկյան), ռուսերեն թարգմանվել և կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվել են հայ գրողների դրամատիկական ստեղծագործություններ։ Նրա՝ խմբագիր եղած տարիներին հեռուստատեսությունը բեմադրել է հայ դասական և ժամանակակից, արտասահմանյան գրողների ավելի քան 150 երկ: 1984թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, էսսեներ, վիպակներ, վեպեր, որոնք տպագրվել են գրական մամուլում, հնչել են հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Հրատարակվել են նրա «30000 կիլոմետր օդով, ջրով, ցամաքով» (1971թ.), «Գեներալի երրորդ աստղը» (1974թ.), «Հավաստի հեքիաթ» (1979թ.), «Խոստովանանք» (1980թ.), «Զորավիգ» (1983թ.), «Ապոլոնի ընտրյալները» (1984թ.), «Բախում» (1986թ.), «Սոխակ Տարոնա» (2001թ.), «Աղուհաց» (2003թ.), «Հրածաղիկ» (2003թ.), «Արթուն է քնած առյուծը» (2010թ.), «Արթուն է քնած առյուծը» (2016թ.) և այլ գրքեր: Մահացել է Երևանում: