Zark Foundation

Ռաֆայել Նահապետյան

Ռաֆայել Նահապետյան

Արձակագիր

8 հունիս, 1946 - 19 հուլիս, 2010

Ծնվել է Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը, ապա աշխատել է որպես ավագ լաբորանտ էլեկտրամեխանիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում։ 1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1971-73թթ ծառայել է ԽՍՀՄ բանակում որպես սպա։ 1974-83թթ աշխատել է ՀՀ հեռուստատեսային և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, որպես գրական հաղորդումների գլխավոր խմբագրության խմբագիր, ապա` ավագ խմբագիր։ 1985թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հայաստանի անկախության հռչակումից հետո զբաղեցրել է ԳԽ լրատվական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի պաշտոնը։ Հայաստանի գրողների միությունում վարել է «Գրական հինգշաբթի» ամենշաբաթյա միջոցառումը: Տպագրվել է 1970թ-ից։ Առաջին հրապարակումը` «Հայրենիքի ժամանակը», պատրաստել է համակուրսեցի Արա Մնացականյանի հետ և հրատարակել «Գարուն» հանդեսում: Հոդվածը եղել է սփյուռքահայերի` դեպի Խորհրդային Հայաստան ներգաղթի թեմայով: Հեղինակել է պատմվածքներ, ռադիոպիեսներ, վիպակներ, հեռուստատեսային ներկայացումներ։ 1960-ական թվականների վերջերին փոքր խմբակով իրականացրել է ազգայնական բնույթի գործունեություն, ծավալել ազգայնական քարոզչություն: Խմբակի աշխատանքը կասեցվել է ԽՍՀՄ պետական անվնտանգության մարմինների կողմից, որի պատճառով կարճաժամկետ ազատազրկվել է: Ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, լատվիերեն, չեխերեն, ռումիներեն և այլ լեզուներով։ Հեղինակել է նաև «Անջո հեծանիվը», «Անջո ֆուտբոլի գնդակը», «Անջո ոստիկանության սերժանտը» մանկական վիպակները: Գրողի «Մթի մեջ արևի ցոլքերում» վեպը մնացել է անավարտ: Արժանացել է մի շարք մրցանակների։ Հրատարակվել են նրա «Հրաշեկ նժույգներ» (1983թ.), «Հրաձգարանի մեծ մրցանակը» (1989թ.), «Մեղեդի երևակայական ջութակի համար» (1994թ.), «Ագռավի աղջիկը» (2000թ.), «...Եվ ծագեց խավարը» (2003թ.) գրքերը: Մահացել է Երևանում: