Հայրիկ Աբրահամյան
Ծնվել է Հայաստանի Ղուշչի (այժմ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Կեչուտ) գյուղում: 1936թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան։ 1936-46թթ սովորել է Երևանի տարբեր դպրոցներում, ավարտել թիվ 23 դպրոցը։ 1946-47թթ սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1947-52թթ՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Մեկ տարի եղել է ուսուցիչ, ապա 1954-57թթ՝ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի սպասարկման բաժնի վարիչը, 1957-59թթ՝ կրտսեր գիտաշխատող։ 1959-62թթ սովորել է ՀՀ ԳԱ արևելագիտության բաժնի ասպիրանտուրայում։ 1963-68թթ եղել է բաժնի կրտսեր, 1968-71թթ՝ ավագ գիտաշխատող։ 1964թ. պաշտպանել է թեկնածուական, 1982թ.՝ դոկտորական ատենախոսություն (1985թ-ից՝ պրոֆեսոր)։ 1971-77թթ եղել է ԵՊՀ Արևելքի պատմության ամբիոնի ավագ դասախոս և նույն ամբիոնի վարիչը, 1978-80թթ՝ պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի ավագ դասախոս։ Հեղինակել է շուրջ 80 աշխատություններ, այդ թվում մի քանի գրքեր, որոնցից կարևոր են «18-րդ դարի հայկական աղբյուրները Հնդկաստանի մասին» (ռուսերեն, 1968թ.), «Միքայել Նալբանդյանի հնդկական ուղևորությունը» (1979թ.), «Վ.Ի.Լենինի և նրան նվիրված աշխատությունների հրատարակումը և տարածումը Արևելքի երկրներում» (1989թ.) մենագրությունները։ Համահեղինակել է «Համառոտ ուրվագծեր հայ գաղթօջախների պատմության» երկհատորյակը (հ.1, 1964թ., հ.2, 1966թ.) և «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի 6-րդ հատորը (1981թ.)։ 1985թ. պարգևատրվել է «1941-1945թթ Հայրենական պատերազմում հաղթանակի 40 տարին» մեդալով: Մահացել է Երևանում: