Ծնվել է Բաքվում: Սկզբնական երաժշտական կրթությունն ստացել է հատուկ մասնագիտական երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 1962-67թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում: 1973թ. սովորել է նույն կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում` Գոհար Գասպարյանի ղեկավարությամբ: 1963-69թթ աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի, ապա` Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբերում: 1970թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգիչ: Կատարել է ավելի քան 40 օպերային դերերգեր: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Ջ.Վերդիի «Աիդա» (Ամոնասրո), Լեոնկավալոյի «Պայացներ» (Տոնիո), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Սպանդարատ) և այլն: 1988թ.՝ Ջուզեպպե Վերդիի ծննդյան 175-ամյակի առիթով, երգչի մտահղացմամբ, Երևանի օպերային և բալետի թատրոնում բեմ է բարձրացել «Վերդիանա» թատերականացված գալա-համերգը, որը ներառել է հատվածներ Վերդիի 14 օպերաներից: 1995թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (2009թ-ից՝ պրոֆեսոր): Նրա սաները մասնակցել են միջազգային և հանրապետական հեղինակավոր մրցույթների` արժանանալով ավելի քան 40 մրցանակների: 2013թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: