Ծնվել է 1942թ. հունիսի 4-ին, Կահիրեում: Երաժշտության առաջին դասերն ստացել է ծննդավայում: 1959թ. մեկնել է Վիեննա և ուսումը շարունակել տեղի երաժշտական ակադեմիայում: Հետագայում մեկնել է Անգլիա և 1962-65թթ սովորել Լոնդոնի համալսարանի լեռնամետալուրգիայի ֆակուլտետում: Ապա կրկին վերադարձել է Վիեննա և շարունակել երաժշտություն ուսանել տեղի երաժշտական ակադեմիայում, ուր կատարելագործվել է որպես կոմպոզիտոր և դիրիժոր: 1966-67թթ հաջորդաբար Բեռլինում մասնակցել է Հերբերտ Ֆոն-Կարայանի անվան նվագավարական մրցույթին, շահել 2-րդ մրցանակը: 1968թ. Ֆրանսիայում կայացած Երիտասարդ դիրիժորների միջազգային մրցույթում ճանաչվել է հաղթող: 1969թ. տեղափոխվել է Կանադա, ուր որպես դիրիժորի օգնական սկսել է աշխատել Հալիֆաքս քաղաքի «Ատլանտիկ» սիմֆոնիկ նվագախմբում և «Կլիգեն» օպերային ընկերության նվագախմբով համերգային շրջագայություն կատարել ԱՄՆ-ում և Կանադայում: 1972 թվականին հաստատվում է իբրև Քիչնր Վատերլոուի, իսկ 1974թ. նաև Ստատֆորդի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու նվագավար: 23 տարի Քիչնր-Ստատֆորդ նվագախմբերի հետ աշխատանքով այդ գրեթե ինքնագործ նվագախմբերն հասցրել է այնպիսի մասնագիտացված մակարդակի, որ նախապես 400 ունկնդիր ունեցող նվագախմբի ունկնդիրների թիվը հասել է 8500-ի: Այսպիսի բացառիկ արդյունքը կառավարությանն ստիպել է կառուցել մի նոր համերգասրահ, որն իր հարմարություններով ծառայում է նաև օպերային թատրոն: Այդ թատրոն-սրահը կոչվում է Ռաֆֆի Արմենյան անունով: Դիրիժորը պարգևատրվել է Կանադայի բարձրագույն շքանշանով՝ «Orden of Canada»: Սիմֆոնիկ նվագավարը, որի հայտագրում ընդգրկված են Մոնտեվերդիից մինչև Առնոլդ Շյոնբերգ, Յոհան Սեբաստիան Բախ, Լյուդվիգ վան Բեթհովեն, Յոհաննես Բրամս, Յոհան Շտրաուս, մեկնաբանել է նաև հայ ազգային երաժշտությունը: 1981թ. Դետրոյտում՝ Միչիգանի օպերային թատրոնի արտիստական կազմով պատրաստել և հինգ անգամ ներկայացրել է Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ Ժիրայր Փափազյանի թարգմանությամբ և բեմադրությամբ: Աշխատել է նաև Քվեբեկի, Տորոնտոյի սիմֆոնիկ և Արվեստի ազգային կենտրոնի նվագախմբերի, ինչպես նաև` կանադական օպերային թատրոնի հետ: 1994թ. այցելել է Երևան՝ ղեկավարելով Գուստավ Մալերի առաջին սիմֆոնիան, Շումանի թավջութակի կոնցերտը: 1995թ. կրկին Երևանում հանդես է եկել երկու համերգով՝ ծրագրում ունենալով Պ.Չայկովսկու 4-րդ ու Բեթհովենի 5-րդ սիմֆոնիաները, Յ.Բրամսի «Ակադեմիական նախերգանքը», Շտրաուսի Իրիկնային չորս երգը (մեներգչուհի՝ Հասմիկ Հացագործյան), Բեթհովենի դաշնամուրային 4-րդ կոնցերտը (մենակատար՝ Անահիտ Ներսիսյան): Տորոնտոյի համալսարանի երաժշտական ֆակուլտետի պրոֆեսոր է: