Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է բանակ և ծառայել աերոփակոցային 5-րդ գնդում, Կասպից ծովի ափին: Նկարչուհին կարողացել է փրկել 1935-37թթ Եղիշե Չարենցի ստեղծած աշխատանքները, որոնց թվում` «Ռեքվիեմ Կոմիտասին», «Անանուն», «Աշնանային երգեր», «Նավզիկե» և շատ այլ գործեր: Ստեղծագործել է դիմանկարի («Չարենց», 1966թ., «Կոմիտաս», 1968թ., «Աննա Ախմատովա», 1981թ.), թեմատիկ պատկերի («Այս հմուտ, հանճարեղ լոռեցին», 1969թ., «Խեցեգործներ», 1978թ., «Սպիտակ կռունկներ», 1980թ., «Խաղաղ տիեզերք», 1983թ.) և բնանկարի («Աշուն», 1962թ., «Աղավնաձոր», 1965թ.) բնագավառներում: Նրա արվեստում մեծ տեղ են գրավում չարենցյան թեման և նրա պոեզիայից ներշնչված գործերը («Ամբոխները խելագարված», 1965թ., «Ասպետական», 1975թ., «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն», 1998թ., Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Երևան): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1967թ., 1987թ., 1988թ.), Էջմիածնում և Գյումրիում (1967թ.): 1985թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, 1995թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին: Մահացել է Երևանում: