Zark Foundation

Ռիմա Պիպոյան

Ռիմա Պիպոյան

Պարուհի, պարուսույց

Ծնվել է 1988թ. հունիսի 2-ին, Երևանում: 1997թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժին, 2005թ.՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուի պարարվեստի ռեժիսուրա բաժին: Ինստիտուտում ուսման տարիներին բեմադրել է մի շարք պարային համարներ, ստեղծել է իր առաջին մեծածավալ ժամանակակից բալետային ներկայացումները՝ այդ թվում «Անկումներով ենք վեր բարձրանում» և «Միջնադարյան պատկերներ»-ը: Վերջին ներկայացումը նրա դիպլոմային աշխատանքն էր, որը ներկայացումն էր հայ միջնադարյան մանրանկարչության թեմաները՝ հայ միջնադարյան շարականների, Կոմիտասի և Ավետ Տերտերյանի երաժշտության ներքո: 2012թ. ավարտել է նաև ԵԹԿՊԻ «պարարվեստի ռեժիսուրա» բաժնի մագիստրատուրան` ստանալով մագիստրոսի աստիճան: 2007-09թթ աշխատել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում: 2008թ-ից աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում, որտեղ դասավանդում է դասական պար, պատմակենցաղային և ժողովրդական բնորոշ պարեր: 2012-19թթ աշխատել է ԵԹԿՊԻ-ում որպես պարուսույց-խորեոգրաֆ՝ դասավանդելով պար դերասանական և ռեժիսորական կուրսերին: 2017թ. հիմնադրել է «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամը, որի տնօրենն է: 2018թ-ից աշխատում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժություն ամբիոնում արպես մոդեռն պարի դասախոս: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս կատարել է մի շարք բեմադրություններ, որոնցից են՝ «Անկումներով ենք վեր բարձրանում» (2007թ., Երևան), «Միջնադարյան պատկերներ» (2010թ., Երևան), «Նոր Կյանք» (2013թ., Թբիլիսի), «Մեղապարտ կրքեր» (2015թ., Երևան), «Տրիպտիխ» (2016թ., Մոսկվա), «Տեսիլաժամեր» (2016թ., Թբիլիսի), «Օրհնյալները» (2017թ., Բելգրադ), «Բարև, Քիթի» (2017թ., Բեռլին), «Կինը որոշում կայացնելուց առաջ» (2018թ., Շտուտգարտ), «Ի՞նչ կլինի եթե» (2019թ., Վենետիկ), «Ինքնադիմանկար» (Գերմանիա և Բելգիա) և այլն: 2019թ. բեմադրել է "What if" պարային ներկայացումը և մասնակցել Վենետիկի բիենալեին: 2020թ. արժանացել է "East-West Residency"-ի Creative Armenia-ի կողմից։ Նույն թվականին նկարահանել է «ԵԼ» պարային կարճամետրաժ ֆիլմը, որն արժանացել է մի շարք միջազգային մրցանակաների̀ տարբեր ֆիլմերի փառատոներում: 2020թ. նրա գլխավորությամբ և ծրագրով Երևանի պարարվեստի պետական քոլեջում բացվել է «Մոդեռն Պար» բաժին: 2021թ. նրա նախաձեռնությամբ մեկնարկել է պարային համագործակցության նոր նախագիծ Հայաստանի և Ուկրաինայի միջև, որի շրջանակներում բեմդրել է «Ես, իմ ոչ Եսը և Ինքս» պարային ներկայացումը: