Zark Foundation

Ռոբերտ Ամիրխանյան

Ռոբերտ Ամիրխանյան

Կոմպոզիտոր

Ծնվել է 1939թ. նոյեմբերի 16-ին, Երևանում: 1964-69թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում` Էդվարդ Միրզոյանի դասարանում: 1969թ-ից դասավանդում է նույն կոնսերվատորիայում, երաժշտության տեսության ամբիոնի ղեկավարն է (1981-ից` պրոֆեսոր): 1969-72թթ եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիրը: 1991-2013թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը: Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր: Գրել է Կոնցերտ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1969թ.), «Վարիացիաներ լարային քառյակի համար» (ԽՍՀՄ Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթի 1-ին մրցանակ 1969թ.), «Քաղքենին ազնվական» (բեմադրվել է 1979թ.) օպերետը, «Ատամնաբույժն արևելյան» (բեմադրվել է 1976թ.), «Դինգ-դոնգ» (1979թ.) մանկական մյուզիքլները, «Առաջին խոսքն իմ», «Քարը» (Ալիսիա Կիրակոսյանի խոսքերով), «Հուշ» (Իրինա Պանովայի խոսքերով, ռուսերեն) երգաշարերը, «Երևանյան ռապսոդիա» դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2009թ.), «Կանտատ սիրո» ալտի, մեծ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2012թ.), «Էջ Միածինն ի հորէ», «Հայր մեր», «Սեգ աշխարհ հայոց», «Երազ իմ երկիր», «Ավետյաց երկիր» (խմբերգեր): Երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար («Տղամարդիկ», «Հայրիկ», «Հեղնար աղբյուր», «Հնձան», «Պույ-պույ մուկիկ», «Խոսող ձուկը» և այլն): 1999-2003թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր` լինելով գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Երգերից են՝ «Դու ինչպես մի աստղ», «Այնպես ուզում եմ», «Քաղաքամայր Երևան», «Արևոտ անձրև», «Երդվում եմ քեզ, իմ Երկիր», «Դու իմ երգն ես», «Ժպտա», «Քեզ հետ իմ սեր», «Երկու կռունկ», «Ներիր ինձ, ես քեզ ցավ եմ պատճառել», «Տուր ինձի, Տեր», «Իմ ժամանակ», «Քո մեղեդին», «Անանձնություն», «Թողած Կարսում», «Կարոտ», «Հույզերը չեն մնում լքված» և այլն: 1969թ. Բեյրութում Թեքեյան մշակութային միության հայտարարած «Կոմիտաս-100» երգի մրցույթում նրա «Կոմիտասին» արժանացել է 1-ին մրցանակին, իսկ 1973թ. Բեռլինի համաշխարհային երիտասարդական փառատոնի քաղաքային երգի մրցույթում «Ո՞ւր եք, տղաներ» երգն արժանացել է «Լավագույն երգ» մրցանակին: 1975թ. Սոպոտի միջազգային մրցույթում «Աշնան մեղեդի» ստեղծագործության համար արժանացել է 3-րդ մրցանակին, 1978թ. Մոսկվայի ռադիոյի հայտարարած միութենական հարցապնդման արդյունքում «Քո աչերի հետ» երգը ճանաչվել է «Տարվա լավագույն երգ»: 1983թ. Սոչիի «Ալ Մեխակ» երգի համամիութենական մրցույթում «Ելեք» երգն արժանացել է 1-ին մրցանակին, 1988թ. Բելգրադում կայացած «ՅՈՒՆԻՍԵՖ 88» երգի համաշխարհային մրցույթում «Երգն էլ ունի հոգի» երգն՝ 3-րդ մրցանակին: Հեղինակել է այնպիսի հայտնի և սիրված երգերի երաժշտություններ, ինչպիսիք են` «Հայի աչեր», «Երազ իմ երկիր» (ՀՀ Զինված ուժերի հիմնը) և այլն: Գրել է Հայոց Բանակի, Երևանի պետական համալսարանի, Գյումրիի մանկավարժական համալսարանի, «Այբ» ավագ դպրոցի, այլ դպրոցների հիմներգեր, նաև Գերմանիայի Լորշ քաղաքի հիմներգը (հեղինակին պատվիրել են քաղաքի 1200-ամյակի տոնակատարության առիթով, 2013թ.): Հրատարակել է վեց հեղինակային ժողովածու: 2010թ. ՌԴ կառավարության կողմից արժանացել է «Դաշնության Աստղ» շքանշանի, 2011թ. «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար՝ ՀՀ Պետական մրցանակի: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1986թ.` ժողովրդական արտիստի կոչման, 1998թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2017թ.՝ ՀՀ Պատվո շքանշանի: