Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1949թ. «Պիոներ կանչ» թերթում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը, 1961թ.` «Օրեր և կրակներ» առաջին գիրքը: Աշխատել է Հայաստանի Հեռուստառադիոպետկոմում, Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում` վարելով պատասխանատու պաշտոններ: 1984-93թթ եղել է Հայաստանի Բաղրամյանի շրջանի «Երասխ» թերթի խմբագիրը, «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակիցը։ Հրատարակել է արձակ և չափածո ստեղծագործություններ, այդ թվում` մանկական ժողովածուներ։ 1970թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Մեր մեջ գժեր չկան» (1966թ.), «Թողեք ապրենք» (1968թ.), «Արևը գեղեցիկ է մայրամուտին» (1975թ.), «Փշոտ քարեր» (1979թ.), «Թիկունք» (1981թ.), «Փրկություն» (1983թ.), «Լեռները ծաղիկներ չեն վաճառում» (1991թ.), «Առականի` ցավեր քանի» (1997թ.), «Լուսաբացներին ընդառաջ» (1999թ.), «Կուժն ու կուլան ինչու կուլան» (2000թ.), «Առակս գա, ծանակի` չարի գետը ցամաքի» (2002թ.), «Ճամփադ` դարեր երկարի» (2003թ.), «Աչք պահել վանքին, ոչ թե թվանքին» (առականի, 2007թ.), «Առանց թիթեռ ի՞նչ ծաղիկ» (2007թ.), «Փրկություն» (պատմավեպ, 2008թ.), «Մարդազարդի տոն արարեք» (2010թ.), «Փրկություն» (ռուսերեն, 2011թ.) և այլ գրքեր: 2003թ. «Անդրանիկի երգը» վիպակի համար արժանացել է ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» համազգային միության և «Հայաստան» թերթի մրցանակին: 2004թ. արժանացել է Մ.Շոլոխովի անվան մեդալի, 2009թ.` ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2013թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: