Zark Foundation

Ռոբերտ Պետրոսյան

Ռոբերտ Պետրոսյան

Կոմպոզիտոր, շեփորահար

28 օգոստոս, 1930 - 6 փետրվար, 2008

Ծնվել է Երևանում: 14 տարեկան հասակից ստացել է երաժշտական կրթություն: Սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Միաժամանակ ընդգրկվել է Պիոներ պալատի փողային նվագախումբ` որպես շեփորահար: 1953-57թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիտորական բաժնում` Էդուարդ Բաղդասարյանի դասարանում: 1962թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը` Գրիգոր Եղիազարյանի դասարանը: 1955թ-ից սկսել է աշխատանքային գործունեությունը Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես շեփորահար, 1960-79թթ` որպես երաժշտական մասի ղեկավար և դիրիժոր: 1963-81թթ դասավանդել է տեսական առարկաներ երաժշտական ուսումնական հաստատություններում: 1960թ-ից ստեղծել և ղեկավարել է էստրադային և ժողովրդական նվագարանների նվագախմբեր, որոնք անընդմեջ մասնակցելով հանրապետական և համամիութենական բազմաթիվ մրցույթների, արժանացել են մրցանակների և պատվոգրերի: 1979-86թթ հանդիսացել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: Այդ տարիներին «Արևիկը» արժանացել է հանրապետական, անդրկովկասյան և ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակին նվիրված մրցույթների դափնեկրի կոչման, իսկ մերձմոսկովյան Դուբնա քաղաքում` «Մեծ ոսկե» մեդալի: 1986-95թթ եղել է ռադիոյի և հեռուստատեսության Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների նվագախմբի դիրիժորը: 1995թ. ՀՀ պաշտպանության նախարարության ներքո ստեղծել է «Էլեգիա» էստրադային համույթը, որը համերգներով հանդես է եկել Հայաստանում և Արցախում: Այդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: 1993-2007թթ եղել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և Հայ բարեգործական ընդհանուր միության հայորդաց տների երաժշտության գծով գլխավոր խորհրդատուն: 1972թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Եղել է նաև Հեռուստառադիոյի կոմիտեի և ՀՀ երգչախմբային ընկերության գեղարվեստական խորհուրդների անդամ, 2003թ-ից` ՀՀ երգչախմբային ընկերության պատվավոր անդամ: Հեղինակել է մի շարք մեծ ու փոքր կտավի ստեղծագործություններ` սիմֆոնիկ, փողային, ժողովրդական, էստրադային, վոկալ և նվագարանային ժանրերում: Դրանք են` Սիմֆոնիա (4 մաս), 2 լարային կվարտետ, 4 վոկալ-սիմֆոնիկ պոեմներ, 4 մանկական կանտատներ, շեփորի կոնցերտ, կոնցերտինո սաքսոֆոնի համար, երաժշտական հեքիաթ «Արքայազն և փայտահատը», մանկական մյուզիքլ «Մկնիկ-հարսնացուն», սիմֆոնիկ փողային, ժողովրդական, էստրադային նվագարանների, ջութակահարների անսամբլի համար գրված պոեմներ, սյուիտներ, քայլերգեր, տարբեր նվագարանների համար գրված սոնատներ, երկեր, շարքեր, ռոմանսներ և երգեր, խմբերգեր մեծերի և փոքրերի համար: Մեծ թվով մշակումներ, փոխադրումներ և գործիքավորումներ է կատարել սիմֆոնիկ, փողային, ժողովրդական և էստրադային նվագախմբերի և պարզապես նվագարանների համար, անդրադառնալով ժողովրդական երգերին` հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններին: 1957-2008թթ ընթացքում նրա ստեղծագործություններից 77-ը արժանացել են հանրապետական և համամիութենական մրցանակների: Նրա հեղինակած ավելի քան 300 ստեղծագործություն ընդգրկված է Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանում: Մահացել է Երևանում: