Ծնվել է 1953թ. դեկտեմբերի 3-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Հայրը հայ է, մայրը` գերմանուհի: Ուսանել է Փարիզի «Էքս-ան-Պրովանս» համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում: 1979թ-ից զբաղվել է ռեժիսուրայով: Նկարահանել է «Վերջին ամառը» (1980թ., Ֆրանկ Լը Վիտայի հետ համատեղ), «Կարմիր կեսօր» (1983թ.), «Կի լո սա» (1985թ.), «Աստված նողկում է անտարբերներից» (1989թ.), «Փողը երջանկություն է բերում» (1993թ.), «Հանուն կյանքի, հանուն մահվան» (1995թ.), «Մարիուսն ու Ժանեթը» (1996թ.), «Սրտի տեղում» (1998թ.), «Գրոհ» (2000թ.), «Քաղաքը հանգիստ է» (2000թ.), «Մարի-Ժոն և նրա երկու սերը» (2002թ.), «Իմ հայրն ինժեներ է» (2004թ.), «Մարսյան դաշտի անցորդը» (2005թ.), «Լեդի Ջեյն» (2008թ.) և այլ ֆիլմեր: Նրա նկարահանած ֆիլմերում խաղացել են հանրաճանաչ ֆրանսիացի դերասաններ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների, արժանացել բազմաթիվ մրցանակների: Զբաղվել է նաև քաղաքականությամբ: Եղել է Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 2008թ-ից միացել է Ձախակողմյան կուսակցությանը: Նրա «Մարիուսն ու Ժանեթը» ֆիլմը արժանացել է Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակին, «Դելյուկ», «Լյումիեր» մրցանակներին, ինչպես նաև Ժնևի, Ֆիգեյրա դա Ֆոսի (Պորտուգալիա), Հայֆայի (Իսրայել) միջազգային փառատոների Մեծ մրցանակին, «Սեզար» բերել գլխավոր դերակատարուհի Արիան Ասկարիդին: «Մարի-Ժոն և նրա երկու սերն» ընդգրկվել է Կաննի, «Մարսյան դաշտի անցորդը»` Բեռլինի փառատոների մրցութային ծրագրում, իսկ վերջին ֆիլմի գլխավոր դերակատար Միշել Բուքեին «Սեզար» մրցանակ է շնորհվել: 2005թ. նկարահանել է «Ուղևորություն դեպի Հայաստանում», 2015թ.`«Խենթ պատմութիւն մը» ֆիլմերը: Վերջինս նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: 2006թ. «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին: 2015թ. Երևանում գլխավորել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին: Բնակվում է Մարսելում: