Zark Foundation

Ռոզալյա Ասոյան

Ռոզալյա Ասոյան

Դերասանուհի

26 մարտ, 1924 - 22 մարտ, 2022

Ծնվել է Երևանում: Անունը դրել են Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» ստեղծագործության կերպարներից մեկի՝ Ռոզալյայի պատվին, ում ավագ քրոջ դերը կերտել է մայրը, ով նույնպես դերասանուհի է եղել: Կրթությունն ավարտելուց հետո 1942թ. մեկնել է ռազմաճակատ, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, պարգևատրվել «Կովկասի պաշտպանության համար» մեդալով, որից հետո տեղափոխվել է Բաքու: Ավարտել է Բաքվի թատերական ինստիտուտը՝ պրոֆեսոր Ալեքսանդր Տուգանովի դասարանը: Բեմական խոսքի ուսուցիչներն են եղել Յաշչիկովսկին, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Բ.Բայկովը և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Պ.Յուդինը: Խաղացել է Բաքվի բանվորական թատրոնում, որտեղից հեռացել է անձնական պատճառներով: Այնուհետև աշխատել է Ադրբեջանի այլ թատրոններում: Վերջին թատրոնը Իլյա Ռախլինի ղեկավարությամբ գործող Մոսկվայի զանգվածային ներկայացումների թատրոնն էր: Խաղացել է հետևյալ ներկայացումներում՝ Ա.Օստրովսկու «Եկամտաբեր վայր» (Յուլենկա), Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Կոմսուհի Ալմավիվա), Վիրտայի «Հաց մեր հանապազօրյա» (Կոլխոզի նախագահ Ռոգովա), «Խորամանկ սիրահարվածին» (Ֆենիսա), «Սիրո հետ չեն կատակում», «Օտար երեխա», «Ընտանիք», «Օրիորդներ-գեղեցկուհիներ», «Ուրախություն որոնելիս», «Պիգմալիոն» և այլն: 1990-ականների սկզբին տեղափոխվել և մինչև կյանքի վերջը բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Մահացել է Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում: