Ծնվել է 1949թ. ապրիլի 17-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1971թ. ավարտել է Էստոնիայի Տարտու քաղաքի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1974-77թթ եղել է «Գրական Հայաստան» ամսագրի գրական աշխատակից, 1977-80թթ՝ «Կոմսոմոլեց» թերթի թարգմանիչ, թղթակից, 1980-82թթ՝ «Կոմսոմոլեց» թերթի նամակների բաժնի վարիչը, 1983-92թթ՝ Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության հայկական հանրապետական մասնաճյուղի խորհրդական՝ հայ հեղինակների ստեղծագործությունների արտասահման առաջմղման հարցերով, 1992-95թթ՝ «Զերկալո» թերթի բաժնի խմբագիր, 1998-2000թթ՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի թղթակից, մեկնաբան։ 2002թ-ից ժուռնալիստիկա և հոգեբանություն է դասավանդել Երևանի հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ 1979թ-ից Հայաստանի ժուռնալիստների, 2007թ-ից՝ Հայաստանի գրողների միությունների անդամ է: 1995-98թթ եղել է Երևանի մամուլի ակումբի անդամ: Նրա ստեղծագործությունները տպագրվել են հայկական և արտերկրյա մամուլում, թարգմանվել են ռուսերեն։ Հրատարակվել են նրա «Վարդագույն մտքերի քաղաքը» (2008թ.), «Սկիզբ կամ ինքնակենսագրության փորձ» (2009թ.), «Ի՞նչ, ինչո՞ւ, ինչպե՞ս» (2012թ.) և այլ գրքեր: 2000թ. արժանացել է «Գարուն» ամսագրի և բաց հասարակության ինստիտուտի մրցանակին՝ «Գարուն»-ի «Համաստեղություն» ծրագրի էստոնական համարի թարգմանության համար։