Ծնվել է 1952թ. օգոստոսի 11-ին, ՀՀ Աշնակ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): 1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1975-76թթ աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում, 1976-77թթ` Հայաստանի Հեռուստառադիոպետկոմում, 1977-86թթ` «Ծիծեռնակ», 1986-94թթ` «Գարուն» ամսագրերի խմբագրություններում: 1993-95թթ հիմնադրել և խմբագրել է «Մարզաշխարհ», «Նավասարդ» և «Էրգիր» թերթերը: 1998-2003թթ եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարը: 2003թ-ից մարզական լրագրություն է դասավանդում Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, որտեղ մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչն է (1999թ-ից` պրոֆեսոր): 1982թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակել է Ֆուտբոլի հանրագիտարան (1999թ., համահեղինակ): գրողի պատմվածքների ու վիպակների թեման գյուղն է` իր հոգսերով, առօրյայով: Հրատարակվել են նրա «Հարյուր կռունկ» (1979թ.), «Մառախուղ», (1985թ.), «Շոգիլք» (2001թ.), «Ամպշող արև» (2001թ.), «Էրգրի աստվածները. Գևորգ Չաուշ» (մենագրություն, 2008թ.), «Հովն ընկավ» (2012թ.), «Երեք խնձորների արկածները» (մանկական, 2013թ.) գրքերը: Գրել է նաև մանուկների համար: Հրատարակվել են «Իշուկ-գորշուկը, որ գնում էր աշխարհ տեսնելու», «Խաղաղ կեսօր» պատմվածքների և հեքիաթների ժողովածուները, «Իմ անունը Գևորգ է, ձիուս անունը՝ Կայծակ» և այլ հեքիաթներ: Նրա սցենարով նկարահանվել է «Կորսված դրախտ» (1989թ.) գեղարվեստական կինոնկարը, իսկ Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է նրա «Մեր բաժին ուրախությունը» (2003թ.) դրաման: Թարգմանվել է ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, ուկրաիներեն, սլովակերեն, չեխերեն, տաջիկերեն, վրացերեն: 2016թ-ից ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ է: 1986թ. նրա «Շեկոն» պատմվածքն արժանացել է ՀԳՄ և «Գարուն» ամսագրի «Կարճ պատմվածք» մրցանակի, իսկ 1987թ. «Խաղաղ կեսօր» և «Մառախուղ» ժողովածուների համար՝ Հայաստանի կոմերիտմիության դափնեկրի կոչման: 2003թ. «Ամպշող արև» և «Շոգիլք» գրքերի համար արժանացել է «Վահագն» արվեստի և գրականության համահայկական մրցանակաբաշխության մրցանակի։ 2012թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2015թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2017թ.՝ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի և Հովաննես Թումանյանի անվան մեդալի, 2018թ.՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի: