Zark Foundation

Ռոմեո Ջուլհակյան

Ռոմեո Ջուլհակյան

Ճարտարապետ

31 դեկտեմբեր, 1937 - 24 ապրիլ, 2005

Ծնվել է ՀՀ Արմավիր քաղաքում: 1954թ. ավարտել է Երևանի Ղ.Աղայանի անվան թիվ 63 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժին: 1963թ. որպես ինժեներ ընդունվել է աշխատանքի նույն ինստիտուտի գիտահետազոտական բաժին` միաժամանակ «ճարտարապետական նախագծում» առարկան դասավանդելով ճարտարապետության ամբիոնում: Նույն թվականից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, ուր 1975թ-ից ղեկավարել է թիվ 4 ճարտարապետական արվեստանոցը: 1990-91թթ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների` Բելգրադի օպերային թատրոնի (Հարավսլավիա) շենքի, Փարիզի Լա-Վալետ զբոսայգու (Ֆրանսիա), Վանաձորի Լոռվա հրապարակի (1-ին կարգի մրցանակ), Երևանի հուղարկավորությունների տան մրցույթի (1-ին կարգի մրցանակ) և այլն: 1991-96թթ աշխատել է որպես Հայաստանի ճարտարապետության և շինարարության պետական վարչության պետ, 1996-97թթ` ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ, 1997թ-ից` քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական և ՀՀ քաղաքաշինական խորհրդի նախագահ: Մեծ ավանդ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր բնույթի շինությունների նախագծման և իրականացման գործում: Նրա նախագծերով են կառուցվել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գլխավոր դարպասն ու բաց խորանը, մկրտարանը (համահեղինակ` Ջիմ Թորոսյան), Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու զանգակատունը և բազմաթիվ այլ կառույցներ: Ձևավորել և նկարազարդել է ավելի քան 40 հեղինակների գրքեր: Հեղինակել է նաև բազմաթիվ բնակելի և հասարակական շենքեր Երևանում, որոնցից առավել նշանակալից են կառավարության ընդունելիությունների տունը, մետրոյի «Զորավար Անդրանիկ», «Շենգավիթ» կայարանները, Դավիթաշենի կամուրջը, հուշարձաններ` նվիրված Երևանի պետական համալսարանի Հայրենական Մեծ պատերազմում զոհված ուսանողներին և դասախոսներին, ճարտարապետ Կարո Հալաբյանին, Մարշալ Հովհաննես Բաղրամյանին, Օրբելի եղբայրներին (Մոսկավյում և Ծաղկաձորում): Հեղինակել է նաև Մուսալեռան հերոսամարտին նվիրված հուշարձան-համալիրը Լիբանանում, Հակոբ Կոջոյանի, Արա Սարգսյանի, Գուրգեն Մահարու, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Ավետիք Իսահակյանի, Ստեփան Մալխասյանցի հուշաքարերը Երևանում: Եղել է Միջազգային ճարտարապետական ակադեմիայի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ: 1988թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: