Ծնվել է Թիֆլիսում: 1940թ. սովորել է տեղի Ա.Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի ստուդիայում, 1941թ.` Թիֆլիսի կինոստուդիայի դպրոց-ստուդիայում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1946-48թթ եղել է Մոլդովայի ռուսական դրամատիկական թատրոնի դերասան և բեմադրիչ: 1952թ. ավարտել է Լենինգրադի թատերարվեստի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1953-61թթ եղել է Լենինգրադի Ա.Պուշկինի անվան դրամայի թատրոնի, 1961-66թթ` Լենինգրադի դրամատիկական մեծ թատրոնի ռեժիսոր, 1966թ-ից` Կոմիսարժևսկայայի անվան թատրոնի գլխավոր ռեժիսորը, որտեղ 25 տարիների ընթացքում բեմադրել է 51 ներկայացում: 1953թ-ից դասավանդել է Լենինգրադի թատերարվեստի ինստիտուտում, որտեղ 1975-85թթ եղել է ամբիոնի վարիչը (1975թ-ից` պրոֆեսոր): Պիեսներ է բեմադրել նաև Ֆինլանդիայի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի թատրոններում: Լավագույն բեմադրություններից են` Դրուցեի «Սրբություն սրբոց», Բուլգակովի «Տուրբինների օրերը», «Բորիս թագավորը», Ալյոշինի «Դիվանագետը» և այլն: 1987թ. հեղինակել է «Ժամանակ: Թատրոն: Ռեժիսոր» գիրքը: 1969թ. արժանացել է Ռուսաստանի, 1972թ.` Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1974թ.` Ռուսաստանի, 1983թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1984թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: Արժանացել է նաև Լենինի, Պատվո, Հայրենական պատերազմի շքանշանների: Մահացել է Սանկտ Պետերբուրգում: