Ծնվել է 1959թ. հոկտեմբերի 31-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի Մ.Միրզայանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, 1981թ.՝ Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանը, 1986թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, իսկ 1991թ.` Յուրի Դավթյանի օպերային–սիմֆոնիկ դիրիժորության դասարանը: Կոմպոզիցիա և գործիքավորում է անցել Ղազարոս Սարյանի դասարանում, ում օգնությամբ Մոսկվայի կոնսերվատորիայում անցել է դիրիժորության վարպետության դասընթացներ: Ուսումնառության տարիներին մասնակցել է մի շարք հանրապետական մրցույթների և փառատոների` արժանանալով դափնեկրի կոչման: Ուսանողական տարիներին կազմակերպել է բազմաթիվ անսամբլներ` հանդես գալով որպես ջութակահար և դիրիժոր: 1981թ. հիմնել է «Վերածնունդ» (Renaissance) անսամբլը, որն հետագայում դարձել է կամերային նվագախումբ` տարածելով դասական և ժամանակակից երաժշտություն: 1994թ. վերակազմավորել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների անսամբլը` կազմակերպելով համերգներ դասական, ժամանակակից և հատկապես հայ կոմպոզիտորների գործերի ընդգրկմամբ: Այս նվագախումբը նկատելի դեր է խաղացել հայ ժամանակակից երաժշտության տարածման գործում: 2006թ. վերականգնել է Renaissance-ը` համալրելով այն Հայաստանի բարձրակարգ երաժիշտներով: Թողարկել է լազերային ձայնասկավառակներ, որոնցում ընդգրկված են Ա.Տերտերյանի, Ս.Զաքարյանի, Ռ.Սարգսյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: 1989թ-ից եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար, իսկ 1999թ-ից դիրիժորն է: 2003թ. ղեկավարել է նվագախմբի համերգը Դուբայում, 2015թ. Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյակին նվիրված մի շարք համերգներ, Հայաստանում և Հունաստանի «Պառնասոս» համերգասրահում: Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Ռոսաստանում, ԱՄՆ-ում: 2003թ-ից հանդիսանում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր: 2008թ. թատրոնւոմ բեմադրել է Ա.Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան: Ղեկավարել է նաև Ջ.Վերդիի «Տրավիատա», «Տրուբադուր», Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» և այլ ներկայացումներ, իրականացրել է նորագույն օպերային պրեմիերաներ: Իբրև սիմֆոնիկ դիրիժոր իրականացրել է բոլոր դարաշրջանների համաշխարհային դասականների համերգային կատարումներ` Բախ, Բեթհովեն, Չայկովսկի, Բրամս, Բրուկներ, Մալեր և այլն: Սակայն իր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացրել և շատ կարևորել բոլոր դարաշրջանների հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին: 2001թ. Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի շրջանակներում իրականացրել է 4 համերգներ, այդ թվում` «Սիրեցեք Զմիմյանս» թաթերականացված մեծ համերգը: 1982-89թթ դասավանդել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանում: 2002թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 2015թ-ից վոկալ-տեսական ֆակուլտետի դեկանն է: Նաև կոնսերվատորիայի Կ.Սարաջևի անվան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: 2012թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: