Ծնվել է Երևանում: Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, ապա սովորել Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժնում: Ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետը: Բանաստեղծություններ է տպագրել «Հյուսիսափայլ»-ում («Արաքս և Կուր գետերի գանգատը», 1861թ., «Անցան գնացին մի մի շատ դարեր», «Կյանք», 1862թ. և այլն): Պետերբուրգում եղել է Կարապետ Եզյանի հիմնած «Մանուկ Հայաստան» խմբակցության անդամ: 1880-ական թվականներին Երևանում կազմակերպել է «Հայասեր-ազգասեր» միությունը, որի հիմնական նպատակն էր արևմտահայության ազատագրության հարցը: 1884թ. ցարական կառավարությունը նրան, խմբի մի շարք անդամների հետ, աքսորել է: Վերադառնալուց հետո որպես փաստաբան աշխատել է Էջմիածնի վանքում: Մահացել է Երևանում: