Zark Foundation

Ռուբեն Մարուխյան

Ռուբեն Մարուխյան

Արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր

15 նոյեմբեր 1934 - 7 հունվար, 2024

Ծնվել է Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, ապա՝ Ս.Օբրազցովի ղեկավարությամբ գործող Մոսկվայի կենտրոնական պետական տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները: Աշխատել է Հայաստանի ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող: 1960-70թթ որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մանկական և երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, որտեղ ստեղծել է տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ: Աշխատել է նաև Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, «Երևան» կինոմիավորումում, Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում որպես բեմադրող ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Հեղինակել է «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» և այլ պիեսներ, մի շարք հեքիաթներ, ժողովածուներ, վիպակներ, որոնց մի մասը թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, ռուսերեն և այլ լեզուներով: Նրա պիեսները բեմադրվել են Հայաստանի պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում, արտերկրում։ Մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով։ 1974թ-ից հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (պրոֆեսոր): 1978թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Անդամակցել է նաև Հայաստանի ժուռնալիստների և թատերական գործիչների միություններին: Հրատարակվել են նրա «Հեքիաթների տոնավաճառ» (2003թ.), «Զրույցներ թատրոնի մասին» (2006թ.), «Չիկարելիի նոր արկածները» (2008թ.), «Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ» (2013թ.), «Ընտրանի» (2015թ.) գրքերը: 1988թ. «Չիկարելիի արկածները» հեքիաթ-վիպակի համար արժանացել է ՀԳՄ մանկական լավագույն գրքի 1-ին մրցանակին։ 2010թ. «Մուկիկը» վիպակի համար արժանացել է միջազգային ՊԷՆ գրական ընկերակցության մրցանակին: 2013թ. «Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վ.Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակին: 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար: Մահացել է Երևանում։