Zark Foundation

Ռուդոլֆ Խաչատրյան

Ռուդոլֆ Խաչատրյան

Գեղանկարիչ

4 մարտ, 1937 - 15 օգոստոս, 2007

Ծնվել է Երևանում: 1951թ. մի քանի ամիս սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1955թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1957թ. և 1959թ. Երևանում արժանացել է բրոնզե շքանշանի, 1965թ.` արծաթե մրցանակի: 1971թ-ից բնակվել է Մոսկվայում, 1989-94թթ` Լոնդոնում: Ստեղծագործել է գրաֆիկայի և գեղանկարչության բնագավառներում: Ստեղծել է դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ` «Մայրություն» (1965թ.), «Կնոջ դիմանկար» (1973թ.), «Հենրիկ Իգիթյանի դիմանկարը» (1982թ.): Առաջինն է լևկասի վրա սեպիայի ու սանգինայի օգնությամբ ստեղծել գեղանկարչական գործեր` «Ինքնանկար» (1981թ.), «Վարդերով նատյուրմորտ» (1983թ.), «Հրանտ Մաթևոսյանի դիմանկարը» (1986թ.), «Գրիգոր Նարեկացի» (1988թ.) և այլն: 1960թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1978թ., 1984թ., 1993թ., 1997թ., 2002թ., 2004թ.), Սանկտ Պետերբուրգում (1979թ.), Օդեսայում (1979թ.), Լոս Անջելեսում (1985թ.), Լոնդոնում (1990թ.), Երևանում (1980թ., 1983թ., 1988թ., 1997թ.): 1997թ. ծննդյան 60-ամյակի առթիվ ՌԴ նախագահի կողմից պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով: 1999-2001թթ մասնակցել է Ռուսաստանի հայերի միության ստեղծմանը: 2002թ. ընտրվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ: Աշխատանքները գտնվում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս` ազգային պատկերասրահներում և պետական թանգարաններում, ինչպես նաև Հայաստանի և աշխարհի շատ երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: Արժանացել է մի շարք մրցանակների և շքանշանների` Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 7-րդ փառատոնի (1959թ., Վիեննա) ցուցահանդեսի բրոնզե մեդալ, ՀՀ մշակույթի նախարարության 1-ին մրցանակ (1969թ.), Անդրկովկասյան հանրապետությունների 1-ին բիենալեի ոսկե մեդալ (1986թ., Թբիլիսի), ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ (2003թ.), «Ֆրանց Կաֆկա» եվրոպական ընկերության ոսկե մեդալ (2003թ.): 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1984թ.` ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Բեռլինում: