Ծնվել է 1947թ. ապրիլի 1-ին, Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը` Մաքսիմ Մարտիրոսյանի դասարանը: Ավարտել է նաև Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի մագիստրատուրան` ստանալով խորեոգրաֆի և բեմադրիչի մասնագիտություն: Հետագայում ուսանել է պարուսույց Ա.Պուշկինի մոտ` Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան բալետի ակադեմիայում: 1967-90թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող` շրջագայել է ողջ աշխարհով Մոսկավայի Մեծ թատրոնի և ռուսական բալետի աստղերի հետ: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Սպարտակ), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո), Է.Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (Բյուրատ), «Անտունի» (Անտունի), Ա.Ադանի «Ժիզել» (Կոմս Ալբերտ), Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ) և այլն: 1979-91թթ ղեկավարել է Հայաստանի կամերային բալետի գեղարվեստական բաժինը, 1973-79թթ` Երևանի գեղագիտական կենտրոնի պարի բաժինը: 1999թ-ից եղել է ԱՄՆ-ի Վաշինգթոն քաղաքի «Արքա» բալետի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: Դասավանդել է Մարիինյան թատրոնի բալետային խմբին (Վաշինգթոն), American Ballet Theatre-ին, Washington Ballet-ին, Tulsa բալետին, Բրազիլիայի երիտասարդական բալետային խմբին, Դեբրա Քոքեր Պարային խմբին և Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցում: Մաստեր-կլասներ է անցկացրել այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են` Վաշինգթոնի Դյուք Էլինգտոնի անվան արվեստի դպրոցում, Բալտիմուրի Փիբոդի կոնսերվատորիայի բալետի բաժնում, Կանադայի Մոնրեալ քաղաքի Les Ballets Classic du Montreal և Ballet Divertimento բալետների հետ: 1991-94թթ դասավանդել է Վաշինգտոնի Կիրովի բալետային ակադեմիայում, իսկ Washington Ballet School-ում 1994-2007թթ եղել է դասական պարերի գլխավոր պարուսույցը: Նրա ղեկավարությամբ իր ուսանողները հռչակավոր միջազգային բալետային մրցույթներում դարձել են մեդալակիրներ: Նրա մեծաթիվ սաներն այժմ պարում են աշխարհի լավագույն բալետային խմբերի հետ: Դասավանդել է նաև Ստրատմորի City Dance Centre-ում: Հեղինակել է շուրջ 100 աշխատանք, որոնք տարածվել են ավանգարդ-էքսպերիմենտալից մինչև դասական: 2008թ. Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է մեկ գործողությամբ եկու բալետ: 2008թ. հրավիրվել է Վաշինգթոնում կայացած Dance Critics of America կոնֆերանսին` որպես խոսնակ: 2009թ. Վաշինգթոնի «Շեքսպիր» թատրոնը հրավիրել է նրան դասախոսություն կարդալու և ցուցադրելու դասական պարի շարժումները: Զբաղվել է նաև գեղանկարչությամբ: 7 տարեկան հասակից նկարել է: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Իտալիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում և այլուր: Արժանացել է բազմաթիվ մրցանակակների, մեդալների: 1974թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2012թ.` ժողովրդական արտիստի կոչման: