Zark Foundation

Սաթենիկ Մկրտչյան

Սաթենիկ Մկրտչյան

Արձակագիր, թարգմանիչ

Ծնվել է 1946թ. նոյեմբերի 1-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը, ապա Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է ՀԳՄ պրոպագանդայի բյուրոյում, հրատարակչություններում («Արևիկ», «Անահիտ»), հիմնադրել և հրատարակել է «Արծվիկ» մանկապատանեկան հանդեսը։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան մամուլում և հանդեսներում (Կահիրե «Արև»)։ Ի թիվս գեղարվեստական, արվեստի և մասնագիտական, վավերագրական գրքերի, թարգմանել և խմբագրել է իրավաբանական աշխատություններ։ Ռուսական մամուլում տրագրվել են նրա վիպակները և պատմվածքները, «Յունոստ» ամսագրում տպագրված նրա «Հին քաղաքի ամենածեր հնակարկատը» «Կիևնաուչֆիլմը» վերածել է մուլտիպլիկացիոն կինոնկարի: 1989թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակել է 9 գիրք։ Հրատարակվել են նրա «Դաշտային ծաղիկներ» (վիպակ, 1980թ.), «Քառասունվեց ահեղ հնդկացիներ» (վիպակ, 1984թ.), «Վերադարձ» (պատմվածքների ժողովածու, 2006թ.), «Այրված կենդանակերպ» (վեպ, 2011թ.), «Մերկ ինչպես Ադամը» (պատմվածքներ, 2013թ.) և այլ գրքեր: Թարգմանել է Սերգեյ Յակովենկոյի «Զարուհի Դոլուխանյան և Պավել Լիսիցյան» (2012թ.), «Մոգական Զարուհի Դոլուխանյանը» (2012թ.) և այլ երկեր: Երիտասարդ ստեղծագործողների քաղաքային ամենամյա մրցույթներում արժանացել է պատվոգրերի։ 2002թ. արժանացել է Ճապոնիայի մանկապատանեկան պատմվածքի մրցույթի առաջին մրցանակի, 2006թ.՝ Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի ոսկե մեդալի։