Zark Foundation

Սահակ Լիսիցյան

Սահակ Լիսիցյան

Ճարտարագետ

10 սեպտեմբեր, 1864 - 30 մարտ, 1934

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է ազգագրագետ, պատմաբան Ստեփան Լիսիցյանի եղբայրը: Մասնագիտական բարձրագույն կրթությունը ստացել է Բելգիայի Լիեժ քաղաքի պոլիտեխնիկ դպրոցում: Եղել է Երևանի և Անդրկովկասի շատ քաղաքների ջրմուղի նախագծողը և կառուցողը: 1887-1918թթ անընդմեջ եղել է Թիֆլիսի ջրմուղի և սանիտարատեխնիկական բաժնի վարիչը` կատարելով քաղաքի ջրմուղի ընդարձակման բոլոր աշխատանքները: Իր նախագծած ընդարձակ զտիչներն օգտագործելով` կառուցել է ավելի կատարելագործված ջրամատակարարման համակարգ, որը թույլ է տվել Քուռ գետի ջրերի հաշվին լրացնել Ավճալայի աղբյուրների ջրի պակասը և ավելացնել մատակարարվող ջրի քանակը: 1909թ. ջրմուղայինների համագումարում նա զեկուցել է Նատախտարիի աղբյուրներից օգտվելու առավելությունների մասին, որի հիման վրա մշակվել և իրագործվել է նոր ջրմուղի նախագիծ: Իրացվել է նաև նրա մյուս առաջարկը` ծածկել Քռի աջ բազուկը և այն դարձնել փողոց: Եղել է նաև Թիֆլիսի հայտնի բարեգործներից: 1908թ. փետրվարի 2-ին կայացած Կովկասյան հայոց բարեգործական ընկերության ժողովը 11 հոգուց բաղկացած խորհրդի կազմում ընտրել է նաև Սահակ Լիսիցյանին: 1908թ. նրա նախագծով և Ա.Ղարաջյանի միջոցներով կառուցվել է մի շինություն, որը միացվել է Խուդադյանի տանը, և այդպիսով ընկերությունը Թիֆլիսում ունեցել է մի մեծ ու գեղեցիկ շենք, որի մեջ են տեղավորվել ընկերության բոլոր հիմնարկությունները` որբանոց, գրադարան-ընթերցարան, ճաշարան և խորհրդի գրասենյակը: 1919թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Շվեյցարիա: 1925թ. կառավարության հրավերով վերադարձել է Հայաստան և որպես բարձրակարգ ու փորձառու մասնագետ նշանակվել Երևանի ջրմուղի վարիչ: Նրա մասնակցությամբ նախագծվել և կառուցվել են Երևանի առաջին ջրմուղը, Շուլավերի և Անդըրկովկասի շատ քաղաքների ջրամատակարարման համակարգերը: Նրան է պատկանում Այղր լճից ջուրն էլեկտրականությամբ բարձրացնելու գաղափարը: Նրա ղեկավարման տարիներին սարքավորվել է առաջին բաղնիքը, բարելավվել քաղաքի ջրամատակարարումը: Ճարտարագետի մտահղացմամբ կառուցվել են Գետառի մաքրող զտիչները, որոնց շնորհիվ քաղաքին մատակարարվող ջրի քանակն ավելացվել է 40 հազար դույլով` հասնելով մինչև 200 հազար դույլի: 1925-30թթ դասավանդել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետում, ապա` պոլիտեխնիկական ինստիտուտում: Կյանքի վերջին տարիներին հիվանդության պատճառով հեռացել է գործնական աշխատանքից: Ժողկոմխորհի որոշմամբ, նրան նշանակվել է անհատական կենսաթոշակ: Մահացել է Երևանում: