Zark Foundation

Սամուել Անեցի

Սամուել Անեցի

Պատմաբան

31 հոկտեմբեր, 1105 - 2 փետրվար, 1185

Սամվել Անեցի, Սամուել Երեց
Ենթադրվում է, որ ծնվել է Անիում կամ մոտակա բնակվայրերից մեկում։ Աշակերտել է Հովհաննես Սարկավագին։ Եղել է քահանա։ Պահպանված միակ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» ժամանակագրական բնույթի պատմական երկը գրել է Գրիգոր Դ Տղա կաթողիկոսի պատվերով։ Շարադրանքը սկսվում է Ադամից և հասցվում մինչև 1180թ.։ Այլ հեղինակներ նրա ժամանակագրությունը շարունակելով՝ հասցրել են մինչև 1665թ.: Եղել է միջնադարյան այն բացառիկ պատմիչներից, որ նշում է օգտագործած աղբյուրները, փորձում ճշտել պատմական իրադարձությունների, դինաստիաների, տիրակալների, կաթողիկոսների ժամանակագրությունը։ Օգտագործելով Եվսեբիոս Կեսարացու, Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Փավստոս Բուզանդի, Սեբեոսի, Շապուհ Բագրատունու, Հովհաննես Դրասխանակերտցու, Ստեփանոս Տարոնեցու, Հովհաննես Սարկավագի և այլոց գործերը՝ հաճախ հակադրվում է նրանց՝ իրադարձությունները ներկայացնելով սեփական պատկերացմամբ, որը մեծացնում է երկի պատմական արժեքը։ 12-րդ դարի իրադարձությունները, որոնք շարադրել է որպես ականատես, կարևոր սկզբնաղբյուր են այդ ժամանակաշրջանի Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի պատմության ուսումնասիրման համար։ Արժեքավոր նյութեր կան նաև հարևան երկրների ու ժողովուրդների մասին։ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց»-ի համեմատական բնագիրը՝ առաջաբանով և ծանոթագրություններով, հրատարակել է Ա.Տեր-Միքայելյանը, 1893թ.։ Նրա երկը թարգմանվել է լատիներեն և 1818թ. հրատարակվել Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնի» հետ։ Տարբեր ժողովածուներում ֆրանսերեն հատվածներ են հրատարակվել Մ.Բրոսսեի և Է.Դյուլորիեի թարգմանությամբ։