Zark Foundation

Սամվել Գրիգորյան

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

22 ապրիլ, 1907 - 7 հունիս, 1987

Ծնվել է Արցախի Շուշիքենդ (այժմ` Ասկերանի շրջանի Շոշ) գյուղում։ Ավարտել է Բաքվի միջնակարգ դպրոցը, 1929թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Երևանում ծանոթացել է Հայաստանի անվանի գրողների, գիտնականների հետ, որոնցից շատերը դասավանդել են նրան։ Առաջին տպագրված բանաստեղծությունը գրել է 16 տարեկան հասակում։ Առաջին հրատարակած բանաստեղծությունների ժողովածուն` «Լիրիկական հույզեր», լույս է տեսել 1934թ.։ Ավելի քան 50-ամյա ստեղծագործական կյանքի ընթացքում Բաքվում, Երևանում, Մոսկվայում տպագրվել են թվով շուրջ 40 բանաստեղծությունների ժողովածու։ Հրատարակել է նաև «Մոր սիրտը» (1944թ.), «Լիություն» (1949թ.), «Կասպիականի առավոտը» (1954թ.), «Կրակներ» (1958թ.) և այլ ժողովածուներ: Նրա բանաստեղծությունների թեման եղել է խաղաղ աշխատանքն ու ժողովուրդների բարեկամությունը։ Հետագա շրջանի ստեղծագործություններն ամփոփված են «Սինգարա» (1965թ.), «Թող այսպես լինի» (1965թ.), «Մայրամուտի կրակներ» (1973թ.) գրքերում։ Աշխատել է Ադրբեջանի Նախարարների Խորհրդի ռադիոկոմիտեում, ղեկավարել է տեղական ռադիոթողարկումների բաժինը, եղել է հայերեն լեզվով թողարկումների խմբագիրը, 1943թ-ից` Ադրբեջանի գրողների միության հայկական բաժնի քարտուղարը, 1956-81թթ` «Գրական Ադրբեջան» հայալեզու գրական հանդեսի գլխավոր խմբագիրը։ Ղեկավարել, խմբագրել և վարել է հայերեն լեզվով Ադրբեջանի հեռուստատեսությամբ երբեմնի հեռարձակվող հաղորդումները։ Զբաղվել է նաև թարգմանչական գործունեությամբ։ Հայերեն է թարգմանել մի շարք անվանի ադրբեջանական, ռուսական և այլազգի բանաստեղծների սետղծագործությունները։ 1959-85թթ եղել է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Սովետի պատգամավոր, որից երեք անգամ նաև հանրապետության Գերագույն սովետի նախագահության անդամ։ Սովետական գրականության զարգացմանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի (1967թ.), «Պատվո նշան» և Հոկտեմբերյան հեղափոխության, Ժողովուրդների բարեկամություն շքանշաններով, ԽՍՀՄ բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով։ 1970թ. արժանացել է Ադրբեջանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: 1984թ. եղել է երկրորդ հայը, ում շնորհվել է Ադրբեջանի ժողովրդական գրող կոչում (Ալեքսանդր Շիրվանզադեից հետո)։ Մահացել է Բաքվում, թաղվել է տեղի Պատվավոր հողարկավորումների պանթեոնում։