Ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր)։ Ավարտել է տեղի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է լրագրության ասպարեզում` որպես Վանաձորի քաղաքային և Լոռու մարզային պաշտոնաթերթերի գլխավոր խմբագիր։ Հիմնադրել և խմբագրել է երգիծական «Եղինջ», «Խաթաբալա» հանդեսները, «Արփի» հասարակա-քաղաքական թերթը։ Ստեղծագործել և մամուլում տպագրվել է դպրոցական տարիներից։ Հրատարակել է բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծանքների ավելի քան 30 ժողովածու, որից 12-ը` ալմանախային։ Ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ռումիներեն, պարսկերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Շուրջ 20 պիես Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում, Հալեպի, Կիպրոսի, Լոս Անջելեսի հայկական թատերախմբերում ունեցել են ավելի քան 40 բեմադրություն: 1985թ. դարձել է ԽՍՀՄ թատերական փառատոնի դափնեկիր։ «Վանաձորի բարի ասպետները» մանկական պիեսը 1983թ., իսկ «Սոնորիայի հրաշքը» 1989թ. արժանացել են ԽՍՀՄ մանկական ազգային պիեսների ամենամյա մրցույթի առաջին մրցանակին, վերջինս նաև` Հայաստանի գրողների և թատերական գործիչների միությունների 1987թ. մրցանակաբաշխության 1-ին մրցանակին։ «Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիան SIBIU միջազգային թատերական փառատոնում համարվել է 2004թ. լավագույն պիեսներից մեկը` անգլերեն և ռումիներեն լեզուներով հրատարկվել Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների անթոլոգիայում։ 2000թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1985թ-ից՝ Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ, 2016թ-ից՝ նույն թատրոնի գրական մասի վարիչը: Անդամակցել է նաև Հայաստանի թատերական գործիչների, ժուռնալիստների, նկարիչների միություններին և Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիային։ Հրատարակվել են նրա «40 օր համբառնալուց հետո» (2002թ.), «Վերջին ծաղրածուն» (2004թ., Եվրոպական լավագույն պիեսների անթոլոգիա, ռումիներեն), «Hello, Evrope!...» (երգիծական ժողովածու, 2008թ.), «Հումորի նժար» (երգիծական ալմանախ, 2009թ.), «Սիրո ձեր ժամանակը» (2009թ.), «Անահիտ» (էսսե, 2010թ.), «Պարկեշտ հումոր» (ալմանախ, 2010թ.), «Փոքր քաղաքի մեծերը» (երգիծավեպ, առաջին մաս, 2010թ.), «Թագուհի» (վիպակ, 2011թ.), «Նվիրում» (2013թ.), «Դատախազը» (2014թ.), «Փակուղուց այն կողմ» (պիեսների ժողովածու, 2015թ.), «Տիեզերքի խոլանքում» (բանաստեղծություններ, 2016թ.), «Կատվի դատը» (երգիծական բալլադ՝ նվիրված Հ.Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի 130-ամյակին, մերօրյա շարունակություն, 2016թ.) գրքերը: 2006թ. Համահայկական գրական մրցույթում «Հրադադար» պիեսն արժանացել է առաջին մրցանակին, 2010թ. «Փոքր քաղաքի մեծերը» երգիծավեպն` «Մկրտիչ Սարգսյան» գրական մրցանակին։ 1970թ. արժանացել է Լենինի հոբելյանական մեդալի, 1985թ.` ԽՍՀՄ գրողների միության քարտուղարության դիպլոմի, 2009թ.` Լոռու մարզպետարանի և «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի «Լոռվա ասպետ» պատվո նշանի, 2010թ.՝ Երևանի քաղաքապետի պատվոգրի, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, ՀԹԳՄ ոսկե մեդալի և Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.՝ ՀՀ ԱԺ պատվոգրի, «Համազգային» կրթամշակութային կենտրոնի Լևոն Շանթի անվան մրցանակի և ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի («Պադամ, պադամ, պադամ» պիեսի համար), 2016թ.՝ ՀԳՄ Լևոն Շանթի անվան ամենամյա մրցանակի («Փակուղուց այն կողմ» պիեսների ժողովածուի համար), 2020թ․՝ Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչման։ Մահացել է Վանաձորում։