Zark Foundation

Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք

30 հուլիս, 1961 - 27 փետրվար, 2020

Ծնվել է Երևանում։ Արմատներով եղել է Արճեշ գավառի Բերդաղ գյուղից։ 1978թ. ավարտել է Երևանի Մ.Մանուշյանի անվան թիվ 48 միջնակարգ դպրոցը։ 1975թ-ից ճամփորդել է Հայաստանի տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978թ-ից լուսանկարել, չափել և նկարագրել է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Հայտնի է եղել որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Կարծել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացրել են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։ Երկար տարիներ հանդիսացել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարը: Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ, այդ թվում՝ ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ, Հայաստանի պատմություն հատորյակներ, առանձին գրքեր և պարբերականներ։ ՀՃՈՒ գիտական ուսումնասիրությունների գրքաշարը հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 1990-2000-ական թվականներին հրատարակված գրքաշար է, որը կազմված է 19 գրքից։ Յուրաքանչյուր գիրք տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Գրքաշարը բաղկացած է հետևյալ գրքերից՝ «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» (1997թ.), «Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները» (1998թ.), «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» (1999թ.), «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» (2001թ.), «Թիֆլիսի քաղաքագլուխները» (2003թ.), «Հյուսիսային Արցախ» (2004թ.), «Հայերը Կախեթում» (2004թ.), «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն» (2004թ.), «Ջավախք» (2006թ.), «Կեանքիս յուշերից» (2007թ.), «Արցախի կամուրջները» (2009թ.), «Ուղեգնացական ակնարկներ» (2010թ.), «Հուշագրական ժառանգություն» (2011թ.), «Արտազի երեք վանքերը» (2012թ.), «Դադի վանքի վերանորոգումը 1997-2011 թվականներ» (2015թ.), «Ցեղասպանությունը վերապրածների ծննդավայրերը Լիբանանի տապանագրերում» (2018թ.), «Խոջիվանք» (2020թ.)։ Նրա «Հայաստանի պատմություն» գրքաշարը կազմված է 36 հատորից, որոնցից հրատարակվել է առաջին չորսը՝ «Հայոց ձոր» (2015թ.), «Սալմաստ» (2017թ.), «Արծկե» (2018թ.), «Մռավականք» (2019թ.)։ 2004թ. արժանացել է Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի և Արցախի Եղիշեի անվան գրական մրցանակի, 2007թ.՝ ՀՀ նախագահի մրցանակին՝ հումանիտար գիտություններում ունեցած ներդրումների համար: Մահացել է Երևանում: