Zark Foundation

Սամվել Պետրոսյան

Սամվել Պետրոսյան

Քանդակագործ

Ծնվել է 1951թ. հոկտեմբերի 12-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1976թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Արա Հարությունյանի արվեստանոցը: 1980թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ստեղծագործել է հաստոցային, մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության բնագավառներում: Գործերին բնորոշ է ազգային և արդիական ձևամտածողության ինքնատիպ համադրումը: 1985թ. արժանացել է ՀԼԿԵՄ մրցանակի: Ստեղծագործություններից են՝ «Ավետաբեր» հուշարձան-կոթողը (1981թ., բրոնզ, գրանիտ, Գյումրիում՝ նվիրված ՀԼԿԵՄ 60-ամյակին), «Պարույր Սևակ» (1986թ., գրանիտ), «Մհեր Մկրտչյան» դիմաքանդակները (1986թ., գրանիտ), «Միքայել Նալբանդյան» կիսանդրին (Գյումրիի թիվ 11 դպրոցի առջև), «Դպրություն» և «Հոգևոր մշակույթի մուսաներ» խորաքանդակները (1992թ., տուֆ, Գյումրի), «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» բարձրաքանդակները (1994թ., մարմար, ԳՄԻ), «Մհեր Մկրտչյան» հուշատախտակը (1994թ., բրոնզ, գրանիտ, տեղադրվել է Գյումրիի իր ապրած շենքի պատին), «Ամնափրկիչ» (1993թ., տուֆ, Շուշի), «Խրիմյան Հայրիկ» (2001թ., բրոնզ, Գյումրի), «Շառլ Ազնավուր» (2001թ., բրոնզ, գրանիտ, Գյումրի), «Խրիմյան Հայրիկ» հուշարձանը (բրոնզ, գրանիտ, Էջմիածին), «Միքայել Նալբանդյան» կիսանդրին (2004թ., մարմար, գրանիտ, Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ճեմասրահ), «Մխիթար Գոշ» հուշարձանը (2005թ., մարմար, գրանիտ, Գյումրիի Արդարադատության պալատ), «Գիրն հայոց» բազմաֆիգուր կոմպոզիցիոն ստեղծագործությունը (2005թ., ֆելզիտ, Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ճակատին, նվիրված է գրերի գյուտի 1600-ամյակին), «Նիկողայոս Տիգրանյան» կիսանդրին (2006թ., բրոնզ, ֆերզիտ, Գյումրիի կենտրոնական այգի), «Անանիա Շիրակացի» հուշարձանը (2009թ., բազալտ, Գյումրիի Անանիա Շիրակացի փողոց), «Գալուստ Գալոյան» հուշատախտակը (2010թ., գրանիտ, Երևանի իր ապրած շենքի պատին՝ Դ.Դեմիրճյանի 17), «Կոմիտաս» հուշարձանը (2013թ., բրոնզ, գրանիտ, Գյումրիի «Գոհար» երաժշտանոցի դիմաց), «Անտոն Չեխով» կիսանդրին (2013թ., մարմար, Գյումրի, Ա.Չեխովի անվան գրադարան) և այլն: Մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, մրցույթների և արժանացել մրցանակների, դիպլոմների, պատվոգրերի: Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի նկարիչների միության և Գեղարվեստի ֆոնդերում, արտասահմանում: 2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: