Zark Foundation

Սամվել Փիլոյան

Սամվել Փիլոյան

Դերասան

Ծնվել է 1963թ. հունվարի 9-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1980թ. ավարտել է Կիրովականի Հ.Ազատյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի ֆակուլտետ: 1984-96թթ աշխատել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան, որտեղ խաղացել է ավելի քան 30 դեր: Մասնակցել է Օրիոլում կայացած «Ռուս դասականներ» թատերական փառատոնին: Մինչ 1997թ. աշխատել է Մոսկվայում: Նույն թվականից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է ավելի քան 60 գլխավոր և հիմնական դերեր: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ» (Թոմաս Մաուբռ), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Իշխան Զվյոզդիչ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Բուրանու), «Բալենու այգի» (Տրոֆիմով), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզմանով), «Գայլեր և ոչխարներ» (Բերկուտով Վասիլի Իվանովիչ), Ռ.Կուենի «Գիշերային խրախճանք» (Ռոննի), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Խաչատուր), Կ.Խոդիկյանի «Կինը անձրևից հետո» (Տիգրան), Լ.Շանթի«Հին աստվածներ» (Ճերմակավոր), Ռ.Շառոյանի «Մեր բաժին ուրախություն» (Լեռնցի հովիվ-սասունցի), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Հեղինակ), «Արշակ թագավոր» (Գնել), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Արտաշես Օթարյան), Է.Օլբիի «Սեր, փող, սատանա» (Ռիչարդ), Թ.Ուլիամսի «Տրամվայ ցանկություն» (Միթչ), Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (Ոստիկան) և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` հայ-գերմանական «Արարատ», հայ-ֆրանսիական «Անցնող երազներ», «Մոսֆիլմ» կինոստուդիայի «Ադամանդ որոնողները», «Հայֆիլմ»-ի «Աղետ» և այլն: Նկարահանվել է նաև «Որոգայթ», «Եզրագծից այն կողմ» և այլ հեռուստասերիալներում: Հյուրախաղերով մասնակցել է մի շարք միջազգային փառատոների Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռիգայում, Վիլնյուսում, Լիսաբոնում, Ստրասբուրգում, Փարիզում, ԱՄՆ-ում և այլուր: 2003թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2014թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: