Արութին Սայադյան
Ծնվել է Թիֆլիսում: Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր (մահտեսի Կարապետ) ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը: Սայաթ-Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից (քաղաքային արհեստավորներից) է եղել: Մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում: Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբական այբուբենը: 12 տարեկանից նրան տվել են արհեստի («ինձ հանձնեցին ուստաքարի»)․ սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելուե գործելու նոր դազգահ է պատրաստել: Երգն ու երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց, գուցեև հոր ու մոր ազդեցությամբ: Մինչև երեսուն տարեկանը կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ: Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սբ. Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ (պարսկերեն՝ սայադ-որսորդ, նովա-երգ, մեղեդի): Ուսումնառության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը: Ավանդական սովորույթով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքերեն խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի: Գիտակցելով աշուղ-բանաստեղծի բուն դերն ու կոչումը, հասկանալով, որ «Աստված դիփունանցըն մին հոքի էրիտ․․․», «Խալխի նոքար Սայաթ-Նովան» գեղեցկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության: Մեզ է հասել նրա ավելի քան 230 խաղ (66-ը՝ հայերեն, 36-ը՝ վրացերեն, 125-ը՝ ադրբեջաներեն (7-ը՝ կիսատ) և 5-ը՝ խառը), որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերացրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել: Հայերեն և վրացերեն խաղերը հրատարակված են ամբողջությամբ, իսկ ադրբեջաներեն հորինվածները՝ կիսով չափ: Հայերեն են թարգմանված աշուղի վրացերեն բոլոր երգերը, իսկ ադրբեջաներեն գրվածներից՝ 65-ը: Նրա հայտնի ամենավաղ թվակիր խաղը («Ծովեն ելած թանգ մարքարիտ ու մարջան․․․») վերաբերում է 1742թ.: Պահպանվածների մեջ, հավանաբար, կան և ավելի վաղ հորինվածներ: Ծանոթ վերջին խաղը («Աշխարըս մե փանջարա է․․․») թվագրված է «ապրիլի սկզբին, քրոնիկոնի 447-ին», այսինքն՝ 1759թ. ապրիլին: Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ նրա խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, թասլիբներ, վարսաղներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ (քառյակներ), այբբենականներ, զինջիրլամաներ կամ շարակապներ, յարանաներ կամ սիրահարականներ, օգուտլամաներ կամ խրատականներ, իլահիներ կամ աստվածայիններ, բարիթավուրներ կամ ալիքավորվողներ, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ և այլն, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել: Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել: Հայտնի է, որ մի մասը երգվել է ինչպես Նաղաշ Հովնաթանի, Դոստիի և այլոց երգերի եղանակներով, այնպես էլ իր հորինած մեղեդիներով՝ «Դիբա և ենգիդունիա» և «Գուլ իս անգին»: Հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղարշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով, ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ: Եղել է նաև առաջինը, որ հորինել ու երգել է վրացերեն խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը, այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ 2-րդի սազանդար: Նաև նշանավոր երաժիշտ-կատարող է եղել, ունեցել է «քաղցր ձայն», երգեցողությունն ուղեկցել է նախ՝ սազի, ապա՝ թամբուրի և չոնգուրի, ի վերջո՝ իր ամենասիրած քամանչայի վարպետ նվագով: Իր արվեստով նա ոչ միայն մեջլիսներ է գարդարել, այլև արդեն այն ժամանակ լայն ժողովրդականություն է վաստակել: Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ: Նա երգել, ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը: Աշուղի կյանքը խաղաղ չի անցել, դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից (ըստ որոշ ուսումնասիրողների՝ 1753թ. և 1759թ.՝ վերջնականապես): Նրա սիրային երգերին հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ո՝չ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը, գեղեցկի ոտնահարումը: Նրան շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարցերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկայինի աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի. մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը («Աշխարըս՝ մի փանջարա է․․․», «Արի, ինձ անգաճ կալ․․․», «Արի համով ղուլուղ արա․․․», «Առանց քիզ ինչ կոնիմ․․․» և այլն): Գունագեղ պատկերների, երաժշտական հնչյունների ստեղծման անզուգական վարպետ է եղել: Նրա խաղերը, անգամ տխուր ու հուսահատ, մերթ խաղաղություն են բերում մարդու հոգուն՝ Առակաց գրքից, Հայսմավուրքից ու Յոթ իմաստասերների պատմությունից և ժողովրդի բառ ու բանից քաղված իմաստալից խրատներով, մերթ էլ բոցավառում նրա երևակայությունը՝ վերստեղծելով ամենակատարյալի մտապատրանք: Աշուղի լեզուն արևելյան փոխառություններով և ժողովրդական մտածողության կենդանի արտահայտություններով հարուստ թիֆլիսահայ խոսվածքն է: Նա հայոց աշուղական-ժողովրդական քնարերգության բարձրակետն է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնել է հայոց քաղաքացիական ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված աշուղական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով 16-րդ դարում ծայր առած աշուղական բանաստեղծության ձևն ու բովանդակությունը: Կովկասում և Մերձավոր Արևելքի երկրներում լայն տարածում գտած, մասամբ էլ անցեղ ու անհայրենիք, թափառական երգիչ-նվագածուների թուրքալեզու խաղերին՝ նա հակադրել է հայալեզու երգերն ու խորապես մարդկային ապրումներ արտահայտող ստեղծագործությունները և կամրջել միջնադարյան բանաստեղծությունն ու ձևավորվող նոր քերթությունը, ժողովրդական խաղն ու անձնական քնարերգությունը: Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում: Սկսած 18-րդ դարի 2-րդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ: 1759թ. կեսերին ավարտվել է աշուղի՝ իբրև բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը: 1759թ. Հերակլ 2-րդի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Էնգելի նավահանգիստը: Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1760թ.): Ե՞րբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ: 1766թ. ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում (եղել է քահանա), որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու (երկու ձեռագրերն էլ պահվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում): 1768թ. մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ (Հովհաննես, Մելքիսեթ, Սառա և Մարիամ): Այդ կամ հաջորդ տարվանից աշուղը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778թ-ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սբ. Նշան վանքի լուսարար: Հետագայում (հավանաբար 1784թ.) միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս: 1795թ. սեպտեմբերին, Աղա-Մահմուդ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է: Թաղված է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցու բակում: 1914թ-ից ամեն տարի մայիսին այդտեղ մեծարվում է Սայաթ-Նովայի հիշատակը՝ ժողովրդական այցելությամբ և վարդատոնով (նախաձեռնողը եղել է Հովհաննես Թումանյանը): Բանաստեղծի մոռացված ստեղծագործություններին հարություն տվողը և սայաթնովագիտության հիմնադիրը եղել է հայագետ Գևորգ Ախվերդյանը: 1848թ. մայիսին ձեռք բերելով աշուղի Դավթարը, հետազոտական քրտնաջան աշխատանքից ու որոնումներից հետո, 1852թ. լույս է ընծայել աշուղի հայերեն խաղերի առաջին ժողովածուն (46 խաղ)՝ կցելով բանաստեղծի կենսագրությունը, Թիֆլիսի բարբառի քննությունը և առանձին ոտանավորների բառապաշարին վերաբերող արժեքավոր մեկնաբանություններ: Դա ծրագրված «Գուսանք» մատենաշարի միակ գիրքը եղավ: Ախվերդյանի ազդեցությամբ ռուս բանաստեղծ Յ.Պոլոնսկին աշուղի մի քանի խաղ թարգմանել է ռուսերեն և նրա մասին ուսումնասիրություն հրատարակել Թիֆլիսի «Կավկազ» («Кавказ») թերթում (1851թ., 1852թ.): Հետագայում նոր խաղեր են հայտնաբերել ու հրատարակել բանասերներ Գ.Տեր-Աղեքսանդրյանը (1885թ.), Գ.Ասատուրը (1903թ.), աշուղ Սկանդար-Նավեն (1912թ.) և ուրիշներ: Սայաթ-Նովայի գրական ժառանգությունը ժողովրդականացնելու գործում մեծ վաստակ ունեն Հովհաննես Թումանյանը, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը և ուրիշներ, որոնց ջանքերով 1913թ. տոնվել է մեծ երգչի ծննդյան 200-ամյա հոբելյանը և 1914թ. հրատարակվել հայկական խաղերի առավել լրիվ ժողովածուն («Սայաթ-Նովա»): Սայաթնովագիտությունը բուռն զարգացում ապրեց սովետական կարգերի հաստատումից հետո ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ սփյուռքում: Հրատարակվեցին նոր ժողովածուներ, գրվեցին հետազոտություններ: Այդ մարզում իրենց ներդրումն ունեն բանասերներ Գ.Լևոնյանը, Ռ.Աբրահամյանը, Հ.Զավրյանը, Ն.Աղբալյանը, Ա.Ղանալանյանը, Խ.Սարգսյանը, Գ.Աբովը, Ա.Հարությունյանը, Պ.Սևակը, Լ.Մելիքսեթ-Բեկը և ուրիշներ, ամենից ավելի՝ Մ.Հասրաթյանը, ով կազմել է Սայաթ-Նովայի «Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի» նոր և ամենաընդարձակ ժողովածուն (3-րդ հրտ. 1963թ.), թարգմանել վրացերեն 32 և ադրբեջաներեն 85 խաղ, գրել ուշագրավ մեկնաբանություններ, տվել խաղերն ամփոփոխ Դավթարի նկարագրությունը, մեկնաբանել բանաստեղծի երգերի բառապաշարը: Սայաթ-Նովայի կյանքը նյութ է դարձել գրական երկերի (վեպ, նովել, պոեմ, դրամա, բալլադ, ոտանավորներ) և արվեստի ստեղծագործությունների (օպերա, կինոնկար, թեմատիկ նկարներ): Նրա երևակայական նկարն ստեղծել են Գ.Շարբաբչյանը, Հ.Ռուխկյանը, քանդակել է Ա.Հարությունյանը: Հայաստանում նրա անունով են կոչվել դպրոցներ, փողոցներ, աշուղական-երաժշտական խմբեր: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի մի շարք այլ լեզուներով: 1963թ. խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը: Մոլորակագիտության միջազգային միության պատվավոր նախագահ Գ.Կատերֆելդի առաջարկությամբ՝ 1976թ. Սայաթ-Նովայի անունով է կոչվել Մերկուրիի խառնարաններից մեկը (այսպես կոչված՝ Մարսի ծովի հարավում): Նրա հայերեն խաղերի 27 եղանակ հավաքել և գրի են առել Մուշեղ Աղայանը և Շարա Տալյանը(տպ. 1946թ. և 1963թ.), ժողովրդի մեջ գոյություն ունեն նաե անտիպ մնացող եղանակներ կամ տարբերակներ: Սայաթ-Նովայի երգերը հայ կոմպոզիտորներից շատերը մշակել են դաշնամուրային, անսամբլային և սիմֆոնիկ նվագակցությամբ մեներգելու, ինչպես և երգչախմբով ու կապելլա կատարելու համար: «Սայաթ-Նովա» օպերա է հեղինակել (աշուղի երգերի մասնակի օգտագործումով) կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը: