Ծնվել է 1939թ. հոկտեմբերի 5-ին, Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի Ղ.Աղայանի անվան թիվ 63 միջնակարգ դպրոցը: 1957-62թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում, որից հետո գործուղվել է Կույբիշևի մարզի Սիզրան քաղաք և աշխատել տեղի շինարարական կազմակերպությունում` որպես ասֆալտբետոնի գործարանի տնօրեն: 1963թ. վերադարձել է Երևան և ընդունվել Կոմունալ մինիստրության նախագծակոնստրուկտորական բյուրոյի գեոդեզիական բաժին` որպես հետազոտական խմբի պետ, ապա` «Հայկոմուննախագիծ» ինստիտուտի «Ստորգետնյա կոմունիկացիաների ինվենտարիզացիա» բաժնի պետ: Այնուհետև աշխատել է Հայաստանի Հաղորդակցության ճանապարհների նախարարության նախագծակոնստրուկտորական բյուրոյում, նախ` լաբորատորիայի վարիչ, ապա` հետազոտական խմբի պետ: 1975-77թթ աշխատել է Երևանի Մետաղահատ հաստոցների փորձարարական գիտահետազոտական հիմնարկում` որպես կապիտալ շինարարության բաժնի պետ, 1977-80թթ` Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում` որպես էստրադային սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն: 1958թ-ից սկսել է ստեղծագործել և ստեղծել է բազմաթիվ երգեր: Մինչև 1980թ., Երևանի ռադիոյում ձայնագրվել է 40 երգ, որոնք կատարել են ժամանակի լավագույն երգիչները` Հովհաննես Բադալյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Պապին Պողոսյանը, Բելլա Դարբինյանը, Ռաիսա Մկրտչյանը, Լոլա Խոմյանցը, Արտաշես Ավետյանը, Գեորգի Մինասյանը և այլք: Երաժշտություն ստեղծել է նաև մի շարք բանաստեղծների գործերի հենքի վրա: Առավել հայտնի երգերից են` «Դու հեռացար», «Հայր իմ», «Ներիր ինձ, մայրիկ», «Ամեն տեսակ երգ երգեցի», «Մինչև էգուց», «Դու երկու տառ», «Աշուղ Սայաթ-Նովի նման», «Կարոտի պահին», «Նարինե», «Մայրս», «Արագիլները», «Ես չգիտեմ, թե ինչու» և բազմաթիվ այլ երգեր: Ունի չձայնագրված շուրջ 60 երգ: Թողարկել է «Հայր իմ» (1978թ.), «Կարոտ» (1980թ.), «Մայրս լիներ», «Դու հեռացար» (1982թ.) ձայնասկավառակները: 1980թ. տեղափոխվել է Լոս Անջելես: Մինչև 1988թ. զբաղվել է լրագրությամբ` «Սևան» երկշաբաթաթերթի խմբագրի տեղակալ, «Ասպարեզ», «Նոր օր», «Մասիս», «Հայ կյանք», «Նոր կյանք» պարբերականների թղթակից: Միաժամանակ 1985-87թթ աշխատել է տեղի կահույքի արտադրության ֆաբրիկաներից մեկում` որպես նախագծային բաժնի պետ և արտադրության բաժնի պետ: 1988թ. Լոս Անջելեսում հիմնադրել է «Հայաստան» հեռուստատեսությունը և մշակութային կենտրոնը: Համագործակցել է Հայկական միացյալ ֆոնդի և Հայաստան Համահայկական հիմնադրամի հետ: Հեռուստատեսության և մշակութային կենտրոնը գործել է մինչ 2004թ., որին կից գործել են ժողովրդական գործիքների նվագախումբ, մանկական երգչախումբ, երեք տարբեր պարախմբեր, ասմունքի խմբակ, թատերական խմբակ և այլն: 1996թ. արժանացել է «Jean Golden Award of High Esteem» և «Bronze Halo Award» ամենամյա մրցանակների` որպես «Լավագույն կոմպոզիտոր»: Արժանացել է բազմաթիվ այլ պատվոգրերի, մրցանակների: 2004թ. տեղափոխվել է Երևան: 2010թ. «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի կողմից պարգևատրվել է «Համո Սահյան» ոսկե հուշամեդալով: 2011թ. ՀՀ սփյուռքի նախարարության կողմից արժանացել է պատվոգի, «ՀՌԱԿ» կուսակցության կողմից` ոսկե հուշաշքանշանի: 2014թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: