Ծնվել է Արցախի Շուշքենդ (այժմ՝ Շոշ) գյուղում։ Ավարտել է Բաքվի մանկավարժական տեխնիկումը, 1944թ.՝ Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի պատմության ֆակուլտետը։ 1935-37թթ որպես պատմության ուսուցիչ աշխատել է Արցախի Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցում, 1937-39թթ` նույն շրջանի Ղզղալա գյուղի միջնակարգ դպրոցում: 1940թ. եղել է Մարտունու շրջանային ժողկրթության բաժնի վարիչը, 1940-41թթ` Արցախի շրջանի մարզային ժողկրթության բաժնի վարիչը, 1949-50թթ` Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսմասվար, 1950-52թթ` քաղաքական ու գիտական գիտելիքների տարածման մարզային ընկերության պատասխանատու քարտուղարը, 1952-53թթ` Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչը, 1954-55թթ` աշխատավորների պատգամավորների մարզային սովետի մշակույթի բաժնի վարիչը, 1955-57թթ` Լեռնային Ղարաբաղի մարզկոմի քարտուղարը, 1957-61թթ` մարզկոմի երկրորդ քարտուղարը, 1961-63թթ` մարզային սովետի մշակույթի բաժնի վարիչը, 1963-69թթ` կինոֆիկացիայի մարզային վարչության պետը։ Եղել է նաև Ադրբեջանի ԽՍՀ 5-րդ գումարման պատգամավոր, 1960թ-ից՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Լույս են տեսել նրա «Սերունդների հետ» (1957-58թթ) երկհատոր վեպը, «Մեր քաղաքը» (1963թ.), «Ոլորաններում» (1967թ.), «Հավատարմություն» (1967թ.) և այլ գրքեր: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Ստեփանակերտում։