Zark Foundation

Սարգիս Բալասանյան

Սարգիս Բալասանյան

Կոմպոզիտոր

13 օգոստոս, 1902 - 3 հունիս, 1982

Սերգեյ Բալասանյանց
Ծնվել է Աշխաբադում: 1935թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի պատմատեսական ֆակուլտետը: 1928-30թթ եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) երաժշտական մասի ղեկավարը: 1936-43թթ աշխատել է Տաջիկստանում: 1948թ-ից դասավանդել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնում, որտեղ 1948-51թթ, 1955թ-ից և 1962-71թթ եղել է ամբիոնի վարիչը (1965թ-ից` պրոֆեսոր): 1931-36թթ եղել է Համամիութենական ռադիոյի երաժշտական խմբագիրը, 1936-43թթ` Ստալինաբադի տաջիկական ժողովրդական երաժշտական թատրոնի հիմնադիր կազմում, 1949-54թթ` ԽՍՀՄ մշակույթի նախարարության Ռադիոյի վարչության ղեկավարի տեղակալ: 1963թ-ից եղել է Ռուսաստանի կոմպոզիտորների միության քարտուղարը: Նրա երաժշտությունը կապված է Արևելքի ժողովուրդների երաժշտական արվեստի ավանդույթներին, առանձնանում է լեզվի գունագեղությամբ ու արտահայտչականությամբ: Եղել է տաջիկական առաջին՝ «Վոսեի ապստամբությունը» օպերայի (բեմադրված 1939թ., Տաջիկստանի օպերայի և բալետի թատրոն) հեղինակը: Գրել է «Լոլա» երաժշտական ներկայացումը (բեմադրված 1939թ., համահեղինակ՝ Ս.Ուրբախ), «Դարբին Կովան» (բեմադրված 1941թ., համահեղինակ՝ Շ.Բոբոկալոնով), «Բախտիոր և Նիսո» (բեմադրված 1954թ.) օպերաները, «Լեյլի և Մեջնուն» (բեմադրված 1947թ., Դուշանբե, 1973թ., Երևան, ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1949թ.), «Շաքունթալա» (բեմադրված 1963թ., Լատվիական օպերայի և բալետի թատրոն, Ջ.Ներուի անվան մրցանակ, 1969թ.) բալետները: Կոմպոզիտորի ստեղծագործության մեջ զգալի տեղ է գրավում հայկական թեմատիկան՝ «Հայկական ռապսոդիա» (1944թ.), «Յոթ հայկական երգ» (1955թ.), «Ութ պիես հայկական ժողովրդական թեմաներով» սիմֆոնիկ ստեղծագործություններ, ռոմանսներ Ա.Իսահակյանի (1944թ.) և Վ.Տերյանի (1955թ.) տեքստերով, Կոմիտասի ինը երգը ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1957թ.), «Լենին» վոկալ շարքից երկու հատված Հ.Շիրազի և Գ.Էմինի տեքստերով (1972թ.): Դաշնամուրի համար մշակել է Կոմիտասի ձայնագրած 100 ժողովրդական երգերը՝ «Հայաստանի երգերը» (1969թ.) վերտառությամբ: Նշանակալից են նաև սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Աֆղանական սյուիտ» (1956թ.), «Ինդոնեզիայի կղզիները» (1960թ.), «Ռապսոդիա Ռ.Տագորի երգերի թեմաներով» (1961թ.), Սիմֆոնիա կապելլա երգչախմբի համար (1968թ.): Ձայնագրել է ԽՍՀՄ, Արևելքի (Հնդկաստան, Աֆղանստան, Ինդոնեզիա, Իրան) և Աֆրիկայի երկրների 500 ժողովրդական երգեր: Պարգևատրվել է հինգ շքանշաններով: 1957թ. արժանացել է Տաջիկստանի ժողովրդական արտիստի, 1964թ.` Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1978թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: