Zark Foundation

Սարգիս Բարխուդարյան

Սարգիս Բարխուդարյան

Կոմպոզիտոր

26 օգոստոս, 1887 - 25 հոկտեմբեր, 1973

Ծնվել է Թիֆլիսում: Նախնական երաժշտական կրթությունն ստացել է Թիֆլիսի հայկական վարժարանում: 1907-09թթ սովորել է Բեռլինի կոնսերվատորիայում, որտեղ ուսումնասիրել է դաշնամուր Շուլցի մոտ: 1915թ. ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Վ.Կալաֆատիի, Մ.Շտեյնբերգի, Մ.Վիտոլի դասարանները: Ուսումից հետո սկսել է դասավանդել Թիֆլիսի (1923-54թթ) և Երևանի (1934-37թթ) կոնսերվատորիաներում (1941թ-ից` պրոֆեսոր): 1900-ականների սկզբին ծանոթացել է Կոմիտասի հետ: Ստեղծագործության հիմնական ժանրը եղել է դաշնամուրային մանրանվագը: Ստեղծել է ազգային երանգով դաշնամուրային պիեսներ: Նրա «Արևելյան պարերը» (1910-13թթ) նկատելի դեր են կատարել ազգային դաշնամուրային ստեղծագործության զարգացման սկզբնական շրջանում: Գրել է դաշնամուրային պիեսների երկու շարք (1910-18թթ, 1915-23թթ), «Անուշ» սիմֆոնիկ պոեմը (1917թ.), «Անդրֆեդերացիա» սյուիտը (1932թ.), «Նարինե» բալետը (1938թ., չի բեմադրվել), 25 պիես-մանրանկար (1942-43թթ), «1943» նախերգանքը, «Քեռի քուչի» մանկական օպերան (1945թ., բեմադրվել է 1946թ., Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն) և այլ ստեղծագործություններ: Մշակել է մի շարք ժողովրդական, աշուղական երգեր, գրել է ռոմանսներ, երաժշտություններ ֆիլմերի («Կարո», «Քաջ Նազար», «Տերն ու ծառան») և թատերական պիեսների համար (Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» և այլն): Կոմպոզիտորի աշակերտներն են եղել բազմաթիվ հայտնի ու տաղանդավոր երաժիշտներ, կոմպոզիտորներ` Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը և այլք: 1936թ. արժանացել է Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1960թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում, թաղված է Երևանում: