Zark Foundation

Սարգիս Հայկունի

Սարգիս Հայկունի

Բանահավաք, ազգագրագետ

2 նոյեմբեր, 1832 - 14 հունվար, 1908

Սարգիս Ղազարյան
Ծնվել է Տրապիզոնի վիլայեթի Զեֆանոս գյուղում (այժմ՝ Թուրքիայում): Եղել Է ուսուցիչ Տրապիզոնում, Վանում, Արդվինում, Ալաշկերտում: Աշխատակցել է «Հայրենիք», «Մասիս», «Երկրագունդ» պարբերականներին: 1893թ-ից ապրել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): Շրջագայել, ուսումնասիրել է հայ և այլազգի բնակչության կենցաղն ու սովորությունները: Գրառումները 1895-96թթ լույս են տեսել «Արարատ» հանդեսում («Կորած, մոռացված հայեր», 1895թ., «Դերսիմ», 1896թ., «Պարսկահայք», 1896թ. և այլն) և առանձին գրքերով («Բագրևանդ, Զրաբաշխ գավառ», 1894թ., «Հուսեփցի ազգատոհմ և տարօրինակ ավազակ Աբրիեոմ Տրապիզոնի հայ գյուղերու մեջ 1795-1840թթ», 1905թ.): Բանահյուսական նյութերում անդրադարձել է դրանց ծագման ու տարածման հարցերին: Հայտնաբերել է «Սասնա ծռեր»-ի Արարատյան, Մոկաց, Շատախի, Խլաթի պատումները, ինչպես նաև«Մոքոս» (1896թ.) վիպերգը: Համակարգել և «Էմինյան ազգագրական ժողովածու»-ի Բ, Դ, Ե, Զ հատորներում (1901-06թթ) հրատարակել է իր գրառած (շուրջ 50 բարբառներով) վիպական ու քնարական բնույթի բանահյուսական գործերը («Ժողովրդական վեպ և հեքիաթ», 1901թ., «Ժողովրդական հեքիաթ», 1902թ., «Հայ-քրդական վեպ», 1904թ., «Ժողովրդական առակներ, գիրք 1. Կենդանական վեպ», 1907թ. և այլն), քրդական վիպերգերը՝ Կոմիտասիձայնագրությամբ: Գրառած ժողովրդական առակների մի մասը տպագրել է առանձին գրքով («Կենդանական վեպ», հ.1, 1907թ.): Զբաղվել է նաև ժողովրդական իրավագիտության հարցերով: Նրա «Ժամանակակից հայերի սովորության իրավունքը» աշխատությունը արժանացել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի մրցանակին: Այս աշխատությունը, «Ազգագրական բառարան»-ը և այլ ուսումնասիրություններ անտիպ են: Մահացել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին):