Zark Foundation

Սարգիս Մուրադյան

Սարգիս Մուրադյան

Գեղանկարիչ

23 հունիս, 1927 - 12 հուլիս, 2007

Ծնվել է Երևանում: 1945թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1951թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1961թ-ից դասավանդել է նույն ինստիտուտում (1981թ-ից` պրոֆեսոր): 1982-87թթ եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: Անդրադարձել է Հայոց Մեծ եղեռնի և հայ ժողովրդի պատմական անցյալի թեմաներին` «Վերջին գիշերը: Կոմիտաս» (1956թ.), «Կոմիտաս, 1915 թվական, ապրիլ» (1965թ.), «Սարդարապատի հերոսամարտը» եռապատկեր (1977թ.): Նկարչի արվեստում առանցքային է ժամանակակից մարդու թեման` «Գարունը լեռներում» (1960թ.), «Զարթոնք» (1963թ.) և այլն, որոնց բնորոշ են վառ գունապատկերը, անհատականացված կերպարները, զգացմունքային հագեցվածությունը: «Իմ ժամանակակիցը» նկարաշարում ներառված են` «Իմ քաղաքում» (1967թ.), «Խաղաղ երկնքի տակ», «Արևածագից առաջ» (1971թ., երկուսն էլ` ԽՍՀՄ Պետական մրցանակ` 1976թ.), «Խաչմերուկ» (1975թ.), «Վերադարձ» (1985, ՌԴ նկարիչների միության 2-րդ մրցանակ` 1995թ.), «Եվա» (1996-97թթ,) և այլն: Հեղինակել է նաև Պարույր Սևակին նվիրված մեծադիր որմնանկարը (1986թ.), դիմանկարները` Պարույր Սևակին նվիրված նկարաշարը (1964-74թթ) և «Անհանգիստ գիշեր» («Պարույր Սևակ», 1985թ.), «Առնո Բաբաջանյան» (1961թ.), «Իմ դուստրերը», «Անտունի» (1969թ.), «Ինքնանկար» (1978թ.), նատյուրմորտներ ու բնանկարներ` «Նատյուրմորտ, փշեր», «Սպիտակ ծառեր» (1976թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Էջմիածնում (1961թ.), Կիրովականում (1961թ.), Տիրանայում (1961թ.), Երևանում, Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում, Լենինգրադում, Ռիգայում, Լեհաստանում (1979-82թթ): 1965թ-ից ակտիվորեն մասնակցել է Հայոց Մեծ եղեռնի ճանաչման, Արցախի հիմնահարցի լուծման, 1988-96թթ` Հայաստանի անկախության կայացման գործընթացներին: Երևանում հիմնադրել է «Վերածնունդ» բարեգործական կազմակերպությունը (1989-2005թթ): 1985-90թթ եղել է ՀԽՍՀ, 1991-95թթ` ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1983թ-ից եղել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ: 1972թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1977թ.` ժողովրդական նկարչի կոչումներին: Մահացել է Երևանում: