Zark Foundation

Սարգիս Նաջարյան

Սարգիս Նաջարյան

Հաղորդավար, ասմունքող

Ծնվել է 1950թ. հուլիսի 12-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Վ.Տերյանի անվան միջնակարգ դպրոցը, որից հետո մեկ տարի աշխատել է Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանում: 1967-73թթ սովորել է Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի անգլիական-բանասիրական ֆակուլտետում և Մոսկվայի արվեստի համալսարանի թատերական ֆակուլտետի դերասանի վարպետության հեռակա բաժնում: 1971թ. մասնակցել է հաղորդավարների մրցույթի և ընդունվել Հեռուստառադիոպետկոմ: 1973թ. Մոսկվայի կենտրոնական ռադիոհեռուստատեսությանը կից ստուդիայում անցել է խոսքարվեստի դասընթացներ, որից հետո հրավիրվել է Հայաստանի հայկական հեռուստատեսություն և վարել «Համայնապատկեր», «Կինոյի աշխարհում», «Լինում է, չի լինում», «Մարդը և օրենքը» և այլ հաղորդաշարեր: Աշխատել է նաև ռադիոյում` որպես ծրագրերի հաղորդավար-խմբագիր: Երկար տարիներ մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերի կրկնօրինակման թարգմանչական և խմբագրական աշխատանքնրին, եղել է բազմաթիվ տոնակատարությունների, Հայֆիլհարմոնիայի կազմակերպած համերգների հանդիսավար: 1973-78թթ Արարատի շրջանի Փոքր Վեդի գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել է հայոց լեզու և անգլերեն: 1984թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 1986թ-ից հայկական ռադիոկայաններով պատրաստել և վարել է «Կեսգիշերից առաջ», «Գիշերն անույշ է» գրական-ժամանցային հաղորդումները: 1990-97թթ եղել է «Դավիթ Անհաղթ» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը և դասախոս: 1993թ. նկարահանվել է «Արամ Խաչատրյան» հեռուստաֆիլմում: 1994-2000թթ ղեկավարել է Ա.Իսահակյանի անվան հանրային գրադարանի ասմունքի խմբակը: 2002-08թթ եղել է «Մոնթե Մելքոնյան» համալսարանի ավագ դասախոս և դասաժամեր է ունեցել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտների վերապատրաստման դասընթացում: 2002թ. հոգևոր աշխարհում մատուցած ծառայությունների համար արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհակալագրին, իսկ 1993թ.` Վազգեն Ա Վեհափառի արծաթե մեդալին: «Սայաթ-Նովա 2000» համահայկական երգի փառատոնում «Հայրենասիրական երգ» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակին, «Քրիստոնեական Հայաստան 1700» միջոցառումների հանձնաժողովի կողմից` հատուկ դիպլոմի: 2005թ. ճանաչվել է «Տարվա լավագույն ռադիոհաղորդավար»: Պատրաստել է բազմաթիվ ռադիո և հեռուստահաղորդումներ, ֆիլմաշարեր, նկարահանվել է «Տաճար» ֆիլմում, խաղացել է «Նեմեսիս» ներկայացման մեջ: Իր ընթերցմամբ թողարկվել են բազմաթիվ հեքիաթներ, ձայնասկավառակներ, տեսաերիզներ: Վարել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կարոտ» հաղորդաշարը: 2009թ. թողարկել է Գ.Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի, Պ.Սևակի, Հ.Թումանյանի, Հ.Սահյանի, Վ.Տերյանիերկերի ձայներիզները: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման: