Սարգիս բեյ Պալյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է ճարտարապետ Կարապետ Պալյանի որդին: 1843-45թթ սովորել է Փարիզում: Վերադարձել է Կ.Պոլիս ու մի քանի տարի աշխատակցել հորը: 1848թ. կրկին մեկնել է Փարիզ, նախ ավարտել Սեն Պարպ կոլեժի ճարտարապետական, ապա` էկոլ Սանտրալի արվեստի բաժինները, 1855թ.` գեղարվեստի դպրոցը: Ճարտարապետությանը զուգընթաց զբաղվել է գյուտարարությամբ (ստեղծած երկու մեքենաներից առաջինը ցուցադրվել է Լոնդոնի միջազգային ցուցահանդեսում, արժանացել մրցանակի, երկուսի համար էլ անգլիական կառավարությունից ստացել է մենաշնորհ, 1862թ.): Հոր մահից հետո, եղբոր` Հակոբ Պալյանի հետ աշխատել է որպես պալատական ճարտարապետ: Կառուցել է Բեյլերբեյի նոր (1864թ.), Չրաղանի (1863-66թթ), Ելդըզի (1861-76թթ), Դանտիլլի Ատիլե Սուլթանի, Պալթալիմանի ծովափնյա պալատները, Այազ աղայի (1866թ.), Դալենտերի Քեաղըթհանեի Չաղլայանի (1862թ.), Իզմիթի բժշկապետի ագարակի, Թոփգափուի պալատի Մեջիդիե, Զինճիրլիքույուի Ցուսուֆ Իզզետինի, Պեյքոզի Թոխաթի, Ալեմտաղի, Այազաղայի, Սերտաիի, Իզմիթի Սուլթանիեի, Սկյուտարի Քոշուելուի (Վալիտեպաղ) կայսերական, Քյուչյուքչեքմեճեի ապարանքները, Մեջիդիեի (1863-64թթ), Մաչքայի զորանոցները, Մաչքա Ազիզիեի (կիսավարտ), Աքսարայ Բերթենիյալ Մայր Կայսրուհու (1871թ.), Քեաղըթխանեի Չաղլայանի (Սատապատ), Ելդըզի (Համիդիե, 1855թ.) մզկիթները, Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանը (1868թ.), Համիդիեի (Ելդըզ) ժամացույցի աշտարակը և այլն: Հիմնել է «Շիրքեթի Նաֆրայի Օսմանի» անունով շինարարական ընկերություն (1878թ.): Էրեյլի ու շրջակայքի ածխահանքեր որոնելու, ածուխ հայթայթելու, փոխադրելու, վաճառելու, ինչպես և Բաղդադի երկաթուղու շինարարության մենաշնորհը (թուրքական կառավարության կողմից) վստահված էր նրան (1875թ.): 1878թ. արժանացել է «Սէր Միմարը Տէվլեթ» (Պետության գլխավոր ճարտարապետ) ճարտարապետական բարձրագույն կոչման: Պարգևատրվել է շքանշաններով: Եղել է նաև սիրող նկարիչ ու դաշնակահար, ինչպես և արվեստի հովանավոր: Նյութապես օժանդակել է իր ժամանակի հայ արվեստի գործիչներին: Բերայի իր ապարանքում ընդունել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն, նրան ներկայացրել սուլթանին (1874թ.): Զբաղվել է նաև հայ համայնքի կրթական հարցերով, կառուցել է Պեշիկթաշի Մաքրուհյան, Տոլաբտերեի Արշակունյաց և Վանի վիլայեթի Մերամեթ գյուղի վարժարանները: Մահացել է Կոստանդնուպոլսում, թաղված է Սկյուտարի Բաղլարբաշ հայոց գերեզմանատանը: