Անհայտ են ծննդյան և մահվան տարեթվերը: 1301թ. մի ձեռագրում նրա հայրը` Գրիգոր քահանան, երկար կյանք է մաղթում որդուն` Սարգսին, որ օգնել է իրեն: 1312թ. Սաղմոսարանի հիշատակարանում նույն Գրիգորը խնդրում է հիշել նաև որդուն: Ալիշանը բերել է մի վկայություն, որ վերաբերում է Պիծակ մականվան առաջացմանը: Մի անգամ նրա հոր` նշանավոր ծաղկող և գրիչ Գրիգորի մոտ եղել են հյուրեր: Այն պահին, երբ փոքրիկ Սարգիսը նկարել է, «պիծակ մի նստավ հանդէպ նմա ի լուսամուտն, որ և շուտ նկարեաց զնա. զոր տեսեալ մերձակայիցն` կարծեցին թէ պիծակն եկեալ նստաւ. զոր ընդ ձեռօքն վարելն նոցա զնա, ծիծաղեալ տէր Գրիգորն. ապա գիտացին զիրն, և զարմացեալ կոչեցին զնա Պիծակ»։ Աշխատել է Կիլիկիայի տարբեր վայրերում` Սիս, Սկևռա, Դրազարկ, Կոպիտառա, Փոս անապատ և այլուր: 1320թ. նրա արվեստն ունեցել է համակիլիկյան համբավ: Կիլիկիայում Օշին թագավորից իրավունք է ստացել` պալատական գրապահոցից ընտրել ուզած գիրքը, և նա ընտրել է մի ավետարան` գրված վարժ, «գեղեցկագիր», պատկերազարդված «յոգնահանճար նկարակերտի» կողմից, բայց անավարտ: 1319-58թթ ընթացքում ծաղկել են տասնյակ ձեռագրեր` Սարգիս քահանա և Սարգից Պիծակ ստորագրությամբ, մեծ մասամբ նշելով նաև ծաղկման վայրը և տարեթիվը: Նրա ձեռքի գործն են համարել 1312թ. գրված Տարոնի Ղազարի վանքի ավետարանի ավետարանիչների նկարները: Ըստ երևույթին, մենակ չի աշխատել, այլ ունեցել է օգնող աշակերտներ: Պատվերներ է ստացել ոչ միայն բարձրաստիճան հոգևորականության և ազնվականության կողմից, այլև իր աստիճանն ունեցող քահանաներից: Վենետիկի Սբ. Ղազար վանքի մատենադարանի Անտիոքի օրինագրքի պատվիրատուն եղել է Լևոն Դ թագավորը, 1346թ. ավետարանի պատվիրատուն` Մարիուն թագուհին` Կոստանդին թագավորի կինը, Երևանի 1338թ. Աստվածաշունչը պատկերազարդվել է Հակոբ կաթողիկոսի, 1335թ. ավետարանը` Մարտիրոս քահանայի, 1336թ. «Արքունական ավետարանը»` Արարատյան գավառի բնակիչ Անդրեաս աբեղայի համար: Նրա անունով հասած վերջին ձեռագիրը, որ գրել և ծաղկել է ինքը, 1353թ. «Բժշկության ավետարանն» է: