Ստեղծագործությունները պահպանվել են ներկայիս ՀՀ Արարատի մարզի Լուսաշող գյուղի մոտ գտնվող Հովհաննես Կարապետ վանքի եկեղեցու (1301թ., ճարտարապետ՝ Բուտ) վրա: Մուտքի ճակատաքարին քանդակել է Աստվածածնին՝ մանուկ Հիսուսը ձախ ծնկին, երկու կողմից կանգնած հրեշտակներով, մուտքի կամարից վեր, հյուսածո ուռուցիկ շրջանակի մեջ՝ գահին նստած Աստծո պատկերը, ներքևի երկու անկյուններում՝ Պողոս և Պետրոս առաքյալների դիմաքանդակները։ Քանդակագործին է վերագրվում նաև գլխավոր եկեղեցու պատի մոտ գտնվող սալաքարի վրայի մի բարձրաքանդակ (ճանկերում գառ բռնած կիսաբաց թևերով արծիվ), որը հավանաբար եղել է եկեղեցուն կից կառուցված տապանատան վրա (կիսավեր է)։ Պատկերաքանդակների ոճով երեք գործերն էլ մոտ են Մոմիկ վարդպետի արվեստին։