Սարիբեկ Սարգսյան
Ծնվել է 1981թ. մարտի 19-ին, Արցախի Հադրութ քաղաքում: Նախնական երաժշտական կրթությունն ստացել է տեղի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: 2002թ. ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը` Սվետլանա Աղաջանյանի դասարանը, 2007թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը` Սվետլանա Կոլոսարյանի դասարանը, 2008թ.` ասպիրանտուրան: Դարձել է «Ռուսաստանի սիրված երգեր» ռուսական երգի հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր, «Վերածնունդ» 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դիպլոմակիր, «Վիկտորիա 2014» 3-րդ վոկալ միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր (Լեհաստան), «Աբանիկո 2015» իսպանական երգի ու պարի 4-րդ միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր (Բուլղարիա), «Խորուս Ինսայդ Քրոաթիա 2015» 19-րդ միջազգային մրցույթ-փառատոնի «Գրան Պրի» մրցանակակիր ու ոսկե մեդալակիր (Խորվաթիա), «Կաունաս տալենտ 2015» երիտասարդ տաղանդների 15-րդ միջազգային վոկալ մրցույթի «Կլասիկա» անվանակարգի հաղթող (Լիտվա), «Գրան ֆիեստա 2016» արվեստի միջազգային մրցույթի «Առաջին տեղ» և «Գրան Պրի» մրցանակակիր (Իսպանիա): Արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության հավաստագրերի` «Իմ Հայաստան» և «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոներին մասնակցելու համար: Որպես մենակատար համագործակցել է Շուշիի «Վարանդա», Արցախի պետական «Մռակած» կամերային և «Վարարակն» ակադեմիական երգչախմբերի, ինչպես նաև, Արցախի կամերային նվագախմբի հետ: Մասնակցել է մի շարք համերգների և ունեցել մենահամերգներ ` Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում, Իտալիայում, Խորվաթիայում, ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում, Չինաստանում և այլուր: Կատարել է Գ.Ֆոռեյի «Ռեքվիեմ»-ի մեներգը: Ակադեմիական ելույթներին զուգահեռ համերգային գործունեություն է ծավալում նաև էստրադային ժանրում: 2012թ. լույս է տեսել երգչի անդրանիկ «Կարոտ» ձայնասկավառակը: