Zark Foundation

Սեդա Վերմիշևա

Սեդա Վերմիշևա

Բանաստեղծ

9 հոկտեմբեր, 1932 - 18 փետրվար, 2020

Ծնվել է Թբիլիսիում: Հայրական կողմից սերել է Արղության-Երկայնաբազուկյան տոհմից: 1956թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը և ասպիրանտուրան: Շուրջ 25 տարի որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀՀ Տնտեսագիտության և պլանավորման ինստիտուտում: 1987-88թթ եղել է ԽՍՀՄ մշակույթի ֆոնդի հայկական բաժանմունքի, 1993թ-ից՝ ԼՂՀ Մոսկվայում մշտական ներկայացուցչության փորձագետ, 1995-98թթ, միաժամանակ՝ Ռուս-հայկական նախաձեռնությունների կենտրոնի պատասխանատու քարտուղարը, 1994-99թթ՝ ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ կապերի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի օգնական-խորհրդականը (հասարակական կարգով), «Գոլոս Արմենիի» թերթի ՌԴ ԱԳՆ-ում հավատարմագրված թղթակից։ 1988-ից մասնակցել է Արցախյան հիմնախնդրի լուծման գործընթացին, հրապարակել ու տարածել է պատերազմին վերաբերող տեղեկատվական-վերլուծական ամփոփագրեր։ Հարցի կարգավորման քաղաքական լուծումների շրջանակներում համագործակցել է «Մոսկովյան տրիբունա» կազմակերպության, Ռուսաստանի մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեի («КРИК»), «Մեմորիալ» ընկերության հետ։ Հեղինակել է ավելի քան 15 բանաստեղծական գրքեր: Հրատարակվել են նրա «Արևը բարձրակետում» (1970թ.), «Առկայծող կետագծեր» (1974թ.), «Տերևներ» (1982թ.), «Ժայռանախշեր» (1988թ.), «Անհարթ սեպագիր» (1999թ.), «Սիրո թև» (1999թ.), «Քարից և ավազից» (2005թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Բանաստեղծությունների հիմնական թեման սերն է, հայրենի աշխարհը: Հեղինակել է նաև վերլուծական ուսումնասիրություններ («Իշխանության կենտրոնացումը` Ռուսաստանի ներքին գաղափարի հրամայականը», 2002թ.)։ 1974թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 2003թ-ից՝ ռուսալեզու գրողների բաժանմունքի նախագահը: Անդամակցել է նաև Մոսկվայի գրողների միությանը (1991թ-ից), Ռուսաստանի Հայերի միության վարչությանը (2001թ-ից) և ՌԴ կառավարությանն առընթեր ռուս-հայկական բարեկամության նախագահությանը (1993-2006թթ), Մշակույթի աջակցության միջազգային ընկերակցությանը (2006թ-ից): Ծավալել է լայն հասարակական գործունեություն: Արժանացել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» շքանշանին, 2002թ.` Ռուսաստանի Հայերի միության ադամանդակուռ արծաթե խաչի, 2004թ.՝ ՌԴ ԳԱ Շոլոխովի հուշամեդալի, 2005թ.` ՀՀ «Ներսես Շնորհալի» շքանշանի, 2006թ.՝ ՀԳՄ ամենամյա մրցանակի, 2009թ.` ՀԳՄ Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալի: Մահացել է Երևանում: