Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Եղել է մանկավարժ Տիգրան Ռաշմաճյանի որդին։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1923-27թթ՝ Երևանի գեղարվեստական-արդյունաբերական ուսումնարանում (Ստեփան Աղաջանյանի և Սեդրակ Առաքելյանի մոտ), 1927-30թթ՝ Մոսկվայի գեղարվեստատեխնիկական բարձրագույն ինստիտուտում (Ա.Գերասիմովի, Ա.Դեյնեկայի, Վ.Ֆավորսկու մոտ), 1930-31թթ՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պրոլետարական կերպարվեստի ինստիտուտում։ Հայ կերպարվեստ է մուտք գործել բանվոր դասակարգի կյանքը պատկերող թեմաներով՝ ստեղծագործաբար յուրացնելով ու խորացնելով դասական ռեալիզմի սկզբունքները։ Դինամիզմով բնորոշվող նրա արվեստը («Գործադուլավորներ», 1932թ., «Բանվորների ընդհարումը ոստիկանության հետ», 1953թ. և այլ թեմատիկ պատկերներ) առանձնանում են ռեալիզմի արդիականացված ձևամտածողությամբ։ Նկարչի ստեղծագործությունը արտացոլում է հայ բանվորների հոգևոր ուժն ու կորովը։ Դիմանկարներում պատկերված է նրանց բարոյական գեղեցկությունը, աշխատանքի ներհուն բերկրանքը, գիտակցված արժանապատվությունը։ Նրա նկարները զերծ են մտացածին գեղարվեստականությունից։ «Բետոնագործ Խաչիկյանը» (1947թ.), «Ձուլարանի Արշակը», (1949թ.) և այլ կոնկրետ անհատների հոգեբանական դիպուկ կերպավորումները հետագայում ընդգրկելով մարդկային և հասարակական լայն բովանդակություն, նրա արվեստում հանգում են ժամանակակից բանվորի տիպաբանական ընդհանրացման («Ձուլող Արամը», «Ձուլարանում», «Ձուլող բանվորը», բոլորը՝ 1949թ.)։ Թեմատիկ պատկերների ու աշխատանքի դյուցազունների նկարաշարերը արտացոլում են ժողովրդական մտածողությունից բխող «կյանք-մարդ» փոխհարաբերության նկարչի հավատամքը («Գործարանի ինտերիեր։ Չուգունի ձուլում», 1959թ.)։ Նրա ստեղծագործության մեջ կարևոր տեղ է գրավում բնանկարչությունը։ Զանգեզուրի, Գուգարքի, Արարատյան դաշտավայրի, Արագածի, Սևանի և այլ շրջանների նրա բնանկարները, որոնք լուրջ ներդրում են հայկական բնանկարչության ասպարեզում («Փողոց Աշտարակում», 1939թ., «Սևան», 1939թ., «Ուռենիներ», 1943թ.), առանձնանում են կոլորիտի նուրբ զգացողությամբ, գույնի (կանաչ-շագանակագույն երանգներ) իմաստավորմամբ, գծի ամրությամբ, կառուցվածքի ամբողջականությամբ, վրձնահարվածի տարողունակությամբ։ Նկարչի գրաֆիկական աշխատանքներին հատուկ է գեղանկարչական հնչողությունը (գուաշ, ջրաներկ, կավճաներկ և այլն)։ Այստեղ կան թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, հայկական բանահյուսության, ինչպես և «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումներ (1939թ., 30 թերթ)։ Վերջինս էպոսի նկարազարդումների մեջ մնում է լավագույններից սովետական կերպարվեստում։ Ռաշմաճյանի խոր հումանիզմով տոգորված արվեստը բարձր է գնահատել Եղիշե Չարենցը։ Նկարչի աշխատանքները 1932թ-ից ցուցադրվել են Հայաստանի և բազմաթիվ երկրների քաղաքներում։ 1966թ. Երևանում բացվել է նրա աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: