Ծնվել է Երևանում: Եղել է գրող Տիգրան Հախումյանի որդին: 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը, այնուհետև՝ ասպիրանտուրան: 1965-72թթ և 1989թ-ից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի տեղակալը, 1972-73թթ` Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, 1973-88թթ` Հայաստանի լուսավորության, 1988-89թթ` ժողկրթության նախարարը, 1992-2000թթ` ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը, 2011թ-ից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդականը: Հեղինակել է բազմաթիվ գիտական աշխատություններ, ավելի քան 150 հոդվածներ: Աշխատությունները վերաբերում են հայ-ռուսական գրական կապերին, ռուս գրականության, լեզվի, գեղարվեստական թարգմանության, կրթության հարցերին («Մ.Գորկին և Հայաստանը», 1968թ., համահեղինակ): 1954թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (1991թ-ից` պրոֆեսոր): 1971թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Ռուս-հայերեն դարձվածաբանական բառարան» (1975թ.), «Ռուս գրականություն» (8-րդ և 9-րդ դասարանների համար, 1979թ., 1984թ.), «Штрихи к портрету» (1999թ.), «Думы о былом» (2002թ.) և այլ գրքերը: 1988թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 2000թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2011թ.՝ Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման: Մահացել է Երևանում: