Ծնվել է 1952թ. հունվարի 10-ին, Հայաստանի Գյամրեզ (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս) գյուղում: 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1973թ-ից, Աբովյանի շրջգործկոմի մշակույթի բաժնում: 1977-92թթ աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, նախ որպես ավագ գրական աշխատող, ապա՝ մշակույթի բաժնի վարիչ: 1992-98թթ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես մամուլի ծառայության գլխավոր մասնագետ: 1999թ-ից եղել է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության գրահրատարակչության և պոլիգրաֆիայի բաժնի պետը: 2011թ-ից աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում, նախ որպես արվեստի վարչության պետի տեղակալ, ապա նույն վարչության պետ: 2015-16թթ եղել է ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի քարտուղարը: 2017թ-ից աշխատում է Երևանի Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Գրել սկսել է դպրոցական տարիներից: Առաջին ստեղծագործությունները տպագրվել են «Պիոներ կանչ», «Ավանգարդ» թերթերում, «Գարուն» ամսագրում: Նրա գեղարվեստական ակնարկները, հրապարակախոսական, գրականագիտական և արվեստաբանական հոդվածներն ու խոհագրությունները, պատմվածքները տպագրվել են Հայաստանի և սփյուռքի թերթերում ու ամսագրերում: Հեղինակել է 12 գիրք, ավելի քան 20 գրքերի և ալբոմների առաջաբաններ, եղել է 40-ից ավելի ժողովածուների կազմողն ու խմբագիրը: Նրա պատմվածքներից թարգմանվել են ռուսերեն և արաբերեն: Հայաստանի գրողների միության անդամ է, ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական: Հրատարակվել են նրա «Ինչպես դառնալ կատարյալ» (2002թ.), «Զրույցներ բարեկրթության մասին» (2003թ.), «Հեռացող հիշատակներ» (2005թ.), «Մանկական հանրագիտարան. Զրույցներ և փաստեր կենդանիների մասին» (2005թ.), «Փոքրիկ պատմություններ մեծ արվեստագետների մասին» (2007թ.), «Շարունակվող երկխոսություն» (2007թ.), «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ» (2008թ., 2010թ.), «Աստծո առաքյալներից մեկը» (2011թ.), «Գրեթե իրական հեքիաթ դաշտամկան մասին» (2015թ.), «Նվիրում» (2016թ.), «Բազմանկյուն» (2016թ.) գրքերը: 1990թ. ԱՄՆ «Լա Վըրն» համալսարանի հայագիտական բաժնի կողմից արժանացել է սփյուռքի մասին գրող լավագույն լրագրողի, 2006թ. Գլենդելի «Մաշտոց» քոլեջի կողմից՝ «Հայ մշակույթի դեսպան» հավաստագրերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերով, «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով, ոսկե մեդալով, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով, ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան», Երախտագիտության մեդալներով, «Մաշտոց» գրական-հասարակական միավորման «Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոս» մեդալով: