Zark Foundation

Սեն Արևշատյան

Սեն Արևշատյան

Պատմաբան, փիլիսոփա

7 հունվար, 1928 - 25 հուլիս, 2014

Ծնվել է Երևանում: Եղել է իրավաբան, մշակութային գործիչ Սուրեն Արևշատյանի որդին, ճարտարապետ Էդուարդ Արևշատյանի եղբայրը: 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1951-54թթ ՀՀ ԳԱ ասպիրանտուրայում մասնագիտացել է հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմության մեջ։ 1956թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ 14-15-րդ դարերի մատենագիր, ականավոր գիտնական Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքների վերաբերյալ։ 1954-59թթ եղել է ՀՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի բաժնի գիտաշխատող։ 1959թ. աշխատանքի է անցել ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր հին ձեռագրերի նորաստեղծ գիտահետազոտական ինստիտուտում՝ Երևանի Մատենադարանում` որպես սկզբնաղբյուրների գիտական թարգմանության բաժնի վարիչ։ 1972թ. ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1973թ. ղեկավարել է Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրության և հրապարակման բաժինը: 1982-2007թթ եղել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենը, 2007-14թթ՝ Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահը, 1958-60թթ, համատեղության կարգով, եղել է ՀՀ ԳԱ պատմաբանասիրական հանդեսի պատասխանատու քարտուղարը, 1972-79թթ՝ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1975-78թթ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, որտեղ մինչև 2014թ. եղել է գիտաթեմատիկ խմբի գիտական ղեկավարը։ 1982թ. ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1996թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Հեղինակել է ավելի քան 150 գիտական աշխատություններ, այդ թվում 30 մենագրություններ և բազմաթիվ հոդվածներ, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Մոսկվայում, Փարիզում, Վարշավայում, Շտուտգարտում, Սանկտ Պետերբուրգում, Աթենքում, Կահիրեում և այլուր։ Դրանք վերաբերում են հիմնականում հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմությանը, բայց դրանց ընդգրկումն իրականում շատ ավելի լայն է, իսկ տեսական առումով դրանք պարունակում են հայկական մշակույթի և նրա պատմությանը վերաբերող ընդհանուր տեսական հարցադրումներ։ Այս տեսակետից գիտական լուրջ արժեք են ներկայացնում նրա «Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքները», «Միջանադարյան Հայաստանի դպրոցների պատմության շուրջը», «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում (5-6-րդ դարեր)», «Դավիդ Անհաղթ» և այլ մենագրություններ, որոնցից յուրաքանչյուրը բովանդակում է նոր գաղափարներ, մշակույթի պատմության ժամանակաշրջանների նոր իմաստավորում, գրավոր հուշարձանների նոր ընթերցում։ Նրա գիտական գործունեության կարևոր մասն են կազմում հայ ականավոր իմաստասերներ Մեսրոպ Մաշտոցի, Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու երկերի ռուսերեն թարգմանությունները։ 1993թ-ից եղել է Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի, 1995թ-ից Մոսկվայի Բնական և հումանիտար գիտությունների, 1998թ-ից Ազգային անվտանգության խնդիրների ուսումնասիրության իսկական անդամ, Եվրոպայի մշակույթի «Պո-Արաքս» ընկերության (Վենետիկ) անդամ, Փիլիսոփայական միջազգային ակադեմիայի իսկական անդամ: 1978թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 2001թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2008թ.՝ Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, 2010թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում: